Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարար Արծվիկ Մինասյանի հրավիրած առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նախարարի տեղակալները, խորհրդականները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները:
Մինչ բուն թեմային անցնելը, Արծվիկ Մինասյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ` մաղթելով ժպիտի, շարունակական շնորհավորանքների և նորանոր ձեռքբերումների միամսյակ:
Այնուհետև էկոնոմիկայի նախարարը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ նման խորհրդակցությունները և հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:
- Ձեզ հետ միասին կքննարկենք հանձնարարականների կատարման ընթացքը, կբարձրաձայնենք ոլորտներում առկա խնդիրների մասին, կլսենք զեկույցներ նաև ձեռքբերումների մասով, որպեսզի ողջ համակարգը տեղյակ լինի ընթացիկ վիճակից, և, որ ամենակարևորն է` մենք պետք է աշխատենք բաց, թափանցիկ, հրապարակային, առանց թաքցնելու այն բոլոր դժվարությունները, որոնք ծառացած են մեր առջև,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Որպեսզի հետագա աշխատանքը լինի կազմակերպված, տրամաբանված և դրան համապատասխան նաև արդյունքները լինեն չափելի, ինչը հետագայում հիմք կհանդիսանա հստակ կադրային քաղաքականության իրականացման համար, էկոնոմիկայի նախարարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի քանի հիմնարար խնդիրների վրա:
Նա նշել է, որ սահմանադրական փոփոխություններն, ըստ էության, տնտեսական քաղաքականության մասով նոր մոտեցումներ են առաջադրել, ինչն առաջին հերթին վերաբերում է էկոնոմիկայի նախարարությանը, և նախարարության յուրաքանչյուր աշխատակից, անկախ պաշտոնից, պետք է իմանա, որ իր պարտականությունների մեջ է մտնում Սահմանադրության այդ նորմերը կյանքի կոչելը:
Խոսելով պետության տնտեսական կարգին վերաբերող նորմի, այն է` սոցիալական, շուկայական տնտեսության մասին, Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ անհրաժեշտ է այդ նորմը վերածել ծրագրային գործողությունների և իրական միջոցառումների, որպեսզի հանրությունը տեսնի, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Որպես հաջորդ կարևոր խնդիր նախարարն առանձնացրել է կայուն զարգացման սահմանադրական պահանջը: Այնուհետև նա կարևորել է ընդերքի արդյունավետ կառավարումը` շեշտելով, որ Էկոնոմիկայի նախարարությունն այստեղ ոչ միայն տնտեսական պահանջների առաջադրման, այլև վերահսկման հստակ մեխանիզմներ պետք է ունենա:
Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաև ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթից բխող հանձնարարականներին` ուղղված բոլոր գերատեսչություններին և հատկապես էկոնոմիկայի նախարարությանը և արտաքին գործերի նախարարությանը: Նա հավելել է, որ դրանք ոչ միայն կոնկրետ ստորաբաժանման, նախարարության կենտրոնական ապարատի, այլ նաև բոլոր օղակների, նախարարության համակարգի բոլոր կառույցների խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն ամենօրյա օպերատիվ, նպատակային և հետևողական աշխատանքի շնորհիվ: Նախարարը նշել է, որ նախարարությունը պետք է կարգավորող մարմնից վերածվի նաև օրինակ ցույց տվող մարմնի, համակարգում գործող կազմակերպությունների նկատմամբ խիստ հակամենաշնորհային քաղաքականությունը կիրառելու միջոցով օրինակ ծառայի մյուս գերատեսչությունների և մարմինների համար:
ՀՀ նախագահի հանձնարարականների կատարման առնչությամբ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է իր տեսլականը նոր արտաքին ներդրումների ներգրավման, Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների և ծառայությունների համար նոր շուկաներ և ուղղություններ գտնելու, բյուջետային միջոցների ծախսման արդյունքը մեծացնելու և այլ խնդիրների վերաբերյալ:
Նախարարը խոսել է նաև ՀՅԴ-ՀՀԿ կուսակցությունների համաձայնագրից բխող մի շարք գործողությունների մասին` առանձնացնելով իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը, հանրային իշխանության և բիզնեսի միատեղումը բացառող կանոնները, անօրինական գործունեության բացառումը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումը, հայկական Սփյուռքի դերի և մասնակցության նոր մեխանիզմների մշակումը, պետական սեփականության կառավարման որակի և արդյունավետության բարձրացումը, սեփականության իրավունքի և ներդրումների պաշտպանության փաթեթի մշակումն ու գործադրումը, խնայողությունների ձևավորման խթանումը, նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, տարածքային համաչափ և կայուն զարգացման ծրագրերի իրականացումը, հարկային քաղաքականության վերանայումը, տարածքների համաչափ զարգացման խթանումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համակարգի ստեղծումը և այլն:
Բոլոր ներկայացված խնդիրների մասով նախարարը համապատասխան ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներին հանձնարարել է տալ առաջարկություններ:
Նախարարի կոնկրետ հանձնարարականներում եղել են նաև հետևյալ կետերը.
♦ Ախտորոշել ներմուծման հետ մրցակցող և արտահանող ընկերությունների կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները և առկա գործիքակազմի զարգացման կամ նորերի ստեղծման միջոցով լուծել դրանք` հաղորդելով նոր ազդակներ տնտեսվարողներին:
♦ Մի շարք ուղղություններով, այդ թվում ներմուծումների ժամանակ ԱԱՀ-ի հետաձգումների մասով, իրականացնել հիմնարար փոփոխություններ, որպեսզի ցանկացած արտոնություն լինի հիմնավորված և դրանով չխաթարվի տեղական արտադրությունը, ավելին` զարգանալու հնարավորություն ունենա:
♦ Սահմանադրական նոր իրողությունների պայմաններում վերանայել հավասար մրցակցային դաշտին վերաբերող ողջ օրենսդրությունը:
♦Առավել ակտիվացնել պետություն-մասնավոր համագործակցությունը, գործող հարթակները, այդ թվում` արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ստեղծված խորհուրդների աշխատանքը:
Խորհրդակցության ավարտին Արծվիկ Մինասյանը ներկայացրել է նաև իր կադրային քաղաքականության սկզբունքները, նշելով, որ առաջնորդվելու է 3 հիմնարար մոտեցումով` արհեստավարժություն, պատասխանատվություն և հայրենասիրություն, ընդ որում` ընդգծել, որ դրանցից որևէ մեկի բացակայությունը չի կարող ընդունելի լինել: