կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-01 16:31
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը` ընդդեմ Կոտայքի փոխմարզպետի

Նիկոլ Փաշինյանը` ընդդեմ Կոտայքի փոխմարզպետի

2016 թվականի ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք` քաղաքապետի ընտրություններին առայժմ որևէ թեկնածու պաշտոնապես չի առաջադրվել: Քաղաքապետի աթոռի համար պայքարելու են Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ՕԵԿ մամուլի նախկին խոսնակ Արթուր Միսակյանը: Ընտրապայքարը հիմնականում կծավալվի նախկին և գործող քաղաքապետերի միջև:

Արդեն հայտնի է, որ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը ստանձնելու է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Yerkir.am-ը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից տեղեկացավ, որ նրա նախընտրական շտաբի պետն էլ Կոտայքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ-ական Կարեն Մարգարյանն է: Նախքան Կոտայքի փոխմարզպետի պաշտոնը զբաղեցնելը նա ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետն էր, մինչ այդ` մարզպետի մամուլի քարտուղարը, իսկ 2000-ական թվականներին զբաղվել է լրագրողական գործունեությամբ` եղել է «Կեչառիս» թերթի խմբագիրը:

Փաստորեն, նախընտրական թեժ պայքարը համակարգելու են երկու նախկին խմբագիրներ: Հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը և առաջադրված թեկնածուների քաղաքական հայացքները` կարելի է նշել, որ Հրազդանում թեժ ընտրություններ են սպասվում:

Նշենք, որ թեկնածուները կարող են առաջադրվել մարտի 13-18-ն ընկած ժամանակահատվածում: