կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-16 12:01
Քաղաքական

ՀՅԴ-ն դառնալու է երկրորդ ուժը. Տիգրան Կարապետյան

ՀՅԴ-ն դառնալու է երկրորդ ուժը. Տիգրան Կարապետյան

Ըստ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ծրագրային ելույթն ուղղված էր իր նախկին գործընկերներին:

«Ինձ թվում է` որոշում կա` փոփոխություններ անելու, դա է պատճառը, որ ԱԱԾ նորանշանակ պետն այդ համակարգից չէ: Ինձ թվում է` որոշակի փոփոխություններ կլինեն: Համակարգը զգացել է, որ կա վտանգ, որ կան ինչ-որ շարժումներ»,- այսօր լրագրողներին ասաց նա:

Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ նախագահի թիմը կոռուպցիոն գործողություններ է կատարում, իսկ դա նախագահին վնաս է, այնպես որ` ելույթն ուղղված էր նաև իր թիմին:

«Հայաստանում կա անարդարություն, թող ժողովրդին չհիասթափեցնեն: Ես, առաջնահերթ, իշխանությունից եմ դժգոհ: Ես դժգոհ եմ, որովհետև նրանք իրենց ներքին հարցերն են լուծում»,- ասաց նա:

Խոսելով ընդդիմադիր դաշտի մասին` Տիգրան Կարապետյանը նշեց, որ վճռական ընդդիմադիր է համարում Նիկոլ Փաշինյանին ու Ժիրայր Սեֆիլյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին վճռական չի համարում ու չի միանում Ժիրայր Սեֆիլյանին այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանին է միացել:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, Տիգրան Կարապետյանի կարծիքով, ՀՅԴ-ն ցանկանում է իրեն տեսնել որպես երկրորդ ուժ: «ՀՅԴ-ն փոքր, բայց կազմակերպված ուժ է: ԲՀԿ-ն թեև կփորձի իր տեղը պահպանել, բայց Դաշնակցությունն է գրավելու այդ երկրորդ ուժի դերը»,- ասաց նա:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին Տիգրան Կարապետյանն ասաց. «Արթուր Բաղդասարյանն իր երգը երգել է, և նրան էլ որևէ բան չի հաջողվի քաղաքական դաշտում»:

Լրագրողների հարցին` իսկ ինքը կվերադառնա՞ քաղաքական դաշտ, պատասխանեց. «Ես քաղաքական դաշտից չեմ հեռացել, որ վերադառնամ, ուղղակի ռեալ պատկեր ու մոտիվացիա չեմ տեսնում, որ ակտիվանամ, կգա ժամանակ, որ կակտիվանամ»: