Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշմամբ, Գեորգի Կուտոյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում:
2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան): 2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում եւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:
2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:
2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:
2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ: 2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնը:
2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: 1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով: Արդարադատության առաջին դասի խորհրդական է:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ամուսնացած է, ունի մեկ որդի: