կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-11 13:15
Մշակույթ

Կյանքից հեռացել է արձակագիր Վարուժան Այվազյանը

Կյանքից հեռացել է արձակագիր Վարուժան Այվազյանը

Կյանքի 58-րդ տարում մահացել է արձակագիր, ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի և «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրին Հայաստանի Գրողների միությունից:

Այվազյանը ծնվել է 1958թ. մայիսի 29-ին, Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում։ 1985թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1985-87թթ աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում։ 1987թ-ից աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում, սկզբում` գրական աշխատող, 1991թ.-ից` պատասխանատու քարտուղար, 1993թ-ից` գլխավոր խմբագրի տեղակալ։ Միաժամանակ, 1993թ-ից «Գարուն» ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիրն է եղել։ Առաջին ժողովածուն` «Հին ահ»-ը, լույս է տեսել 1991թ., երկրորդը` «Ճանճի ամիսը» ժողովածուն է։ «Համեմատական կենսագրությունները» երկրորդ վեպն է։ «Պատմություն Մեծն Կովկասի» վեպը արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի Գրողների միության կողմից 2008թ. հայտարարված «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխության հատուկ մրցանակին, որտեղ ներկայացվում են անտիպ վեպեր։ 2003թ. տպագրվել է «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուն, 2009թ.` «Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» ժողովածուն ԱՄՆ-ում և Երևանում։ Հարցազրույցներ և էսսեներ է տպագրել ժամանակի մամուլում, որոնք այնուհետև տպագրվել են նաև առանձին ժողովածուով` «Անխարիսխ և անհենարան` երկրագնդի նման» (2004թ.)։ 1996թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է, 2002-ից «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիրը։