կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 13:30
Հասարակություն

Պահքը կամավոր կերպով նեղության դիմելու քայլ է. այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը

Պահքը կամավոր կերպով նեղության դիմելու քայլ է. այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը

Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը: Արարատյան հայրապետական թեմի ներկայացուցիչ, Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զգոն քահանա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Պահքը պետք է սկսել ուրախությամբ, քանի որ այն Աստծո պարգևն է մեզ, մեր հոգուն:

Ըստ նրա` Ադամը, դեռ մեղք չգործած, ստացավ ցուցում` չճաշակել արգելված պտուղից, ինչը հենց Պահքի մասին էր խոսում: Ադամը չկարողացավ պահել Տիրոջ խոսքը և արտաքսվեց դրախտից:

«Պահքի միջոցով աղերսում ենք Տիրոջը, մեր սխալները քննելով, ներել մեզ, բժշկել մեր հոգին, որպեսզի վատ սովորություններից և բնավորության վատ գծերից կարողանանք ազատվել: Պահքի միջոցով մենք մարմնի բժշկություն ենք ստանում: Պահքը հոգու կերակուր է, որից հրաժարվելը հոգևոր մահվան է տանում»,- ասաց տեր հայրը:

Նա նշեց նաև, որ մարդկանց շրջանում մեծացել է Պահքի իմաստի ըմբռնումը, և շատերը գիտեն` միայն կենդանական սննդից հրաժարվելը Պահք պահել չի նշանակում:

Ըստ քահանայի` Պահքը պետք է ուղեկցվի զղջողական բնույթի աղոթքներով, ինչպես նաև այս շրջանում պետք է կարողանանք բարի գործեր անել, քանի որ, առանց այս ամենի, կերակրապահքն անիմաստ կլինի: «Պահքն իր էությամբ կամավոր կերպով նեղությանը դիմելու քայլ է»,- ասաց նա: