կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-04 15:33
Քաղաքական

Ավելի լավ է լինել ազնիվ գավառամիտ, քան կեղծ քաղքենի. Մարուքյանի պատասխանը՝ Շարմազանովին

Ավելի լավ է լինել ազնիվ գավառամիտ, քան կեղծ քաղքենի. Մարուքյանի պատասխանը՝ Շարմազանովին

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր միջհամայնքային ճանապարհների զարգացման համար վարկային մի ծրագիր, որով ՀՀ կառավարությանը տրվում է 40 միլիոն դոլար: Այս վարկային ծրագրից առաջ քնարկվում էր մեկ այլ ճանապարհային վարկային ծրագիր, որը տրվում Երևանի քաղաքապետարանին՝ կենտրոնի ճանապարհային ծանրաբեռնվածությունը թոթափելու համար:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը քննադատել էր այդ ծրագիրը` ասելով, որ խտրական վերաբերմունք է դրսևորվում, քանի որ բոլոր ֆինանսական միջոցները կենտրոնացվում են Երևանում, իսկ մարզերը համաչափ չեն զարգանում: Նրան արձագանքել էր ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը` ասելով, որ գավառամտություն է՝ հակադրել մարզերի զարգացումը Երևանի զարգացմանը, և որ Երևանը բոլորի «աչքի լույսն է»:

Այսօր Էդմոն Մարուքյանը որոշեց պատասխանել Էդուարդ Շարմազանովին: Նա նշեց, որ ԱԺ փոխխոսնակն իրեն վերագրել է մտքեր, որոնք ինքը չի ասել, մասնավորապես` չի ասել, թե «Երևանի գազն ու լույսը անջատենք, մտածենք միայն մարզերի մասին», կամ իբր «Երևանն է մեղավոր, որ մարզերում վատ է վիճակը»: Պատգամավորը հավելեց, որ պատգամավորները կարող են միմյանց հետ չհամաձայնել, բայց պետք չէ վիրավորական արտահայտություններ թույլ տալ` ասելով, թե ինչ-որ մեկը «գավառամիտ է, պրիմիտիվ մտածելակերպով»:

«Մենք ասում ենք, որ մարզերում վիճակը վատ է, դրանում իշխանություններն են մեղավոր, ոչ թե մայրաքաղաքը: Ո՞վ է թույլ տվել, որ ԱԺ նախագահությունը մտնի պատգամավորի սահմանադրական իրավունքների տարածք: Ես ինչ կասեմ այս ամբիոնից, ես եմ դրա տերը, ընտրողները կդատեն ինձ դրա համար: Ո՞վ կարող է մտնել ու իմ ելույթը խմբագրել, ցենզուրայի ենթարկել, թե «սենց չի կարելի ասել, ոնց եք օգտագործում էս ամբիոնը» և այլն: Մենք՝ մեր ամբիոնը, անձնական վիրավորանք հնչեցրե՞լ ենք մեկի հասցեին: Բա ինչո՞ւ է հնչում վիրավորանք մեր հասցեին, թե գավառամիտ ենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա հավելեց, որ եթե անգամ ընդունենք, թե կա գավառամտություն, ուրեմն ավելի լավ է լինել ազնիվ գավառամիտ, քան կեղծ քաղքենի: Ըստ Մարուքյանի` գավառամտությունն իրականում այն Հայաստանն է, որը իշխանություններն են դարձրել` ճոռոմ բառերի տակ թաքցնելով իրենց վատ կառավարումը և թալանը: Պատգամավորը շեշտեց, որ այս վարկային համաձայնագրին ևս դեմ է քվեարկելու:

Շարմազանովը կրկին արձագանքեց Էդմոն Մարուքյանին` ասելով, որ ինքը որևէ վիրավորական արտահայտություն չի հնչեցրել, պարզապես նկատել է գավառական մտածողություն: «Մի\' գերագնահատեք ո\'չ Ձեր հնարավորությունները, ո\'չ էլ դերակատարումը: Սովորեք բազմակարծություն լսել, սա պառլամենտ է, ոչ թե` գլադիատորական մարտեր»,- ասաց նա: