կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 13:35
Քաղաքական

Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական

Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այսօր հայտարարություն է արել Մովսես Աբելյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով ԳՔ օգնական նշանակելու մասին։

Մ.Աբելյանն ունի խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման բնագավառներում գործունեության 25-ամյա փորձ, ղեկավարել է Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և ծրագրերի ու հիմնադրամների Գործադիր խորհուրդների շրջանակներում մի շարք գործընթացներ:

2011թ․ ապրիլից հանդիսանալով ՄԱԿ-ի ԱԽ հարցերով բաժանմունքի տնօրեն՝ խորհրդատվություն է տրամադրել ԱԽ նախագահին, անդամներին, ինչպես նաև ԱԽ օժանդակ մարմիններին՝ ԱԽ աշխատանքներին, պրակտիկային ու ընթացակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ: Ավելի վաղ զբաղեցրել է ԳԱ Վարչական ու բյուջետային հարցերով կոմիտեի (5-րդ կոմիտե) և Ծրագրերի ու համակարգման հարցերով կոմիտեի քարտուղարի պաշտոնները։

1998-2003թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, իսկ մինչ այդ` մշտական ներկայացուցչի տեղակալը։ Դիվանագիտական ծառայության ընթացքում նախագահել է ՄԱԿ-ի ԳԱ 5-րդ կոմիտեն և Մանկական հիմնադրամը, ինչպես նաև հանդիսացել է Զինաթափման հանձնաժողովի փոխնախագահ, խաղաղապահ գործողությունների ֆինանսավորման բարեփոխումների հատուկ բանակցող և ԳԱ 57-րդ նստաշրջանի կազմակերպության բարեփոխումների հարցերով համակարգող։

Դիվանագիտական ծառայությանն անցնելուց առաջ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Մ.Աբելյանը կրթություն է ստացել Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

ՀՀ ԱԳՆ