Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Ղ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Արթուր Ղ.-ն հայտնել է, որ 2014 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 00:00-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, գողություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի մի քանի ծառայողների կողմից ինքը բերման է ենթարկվել ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ ոստիկանության ծառայողն առանց փաստաթուղթ կազմելու վերցրել է իր բջջային հեռախոսը և մինչև երեկոյան ժամը 22:00-ի սահմանները պահել աշխատասենյակում: Այնուհետև նույն ծառայողն իրեն ներկայացրել է քննչական բաժին, որտեղ բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է քննիչի կողմից:
Բացի այդ, ինքը ծանոթանալով քրեական գործում առկա փաստաթղթերին, պարզել է, որ օպերլիազորը կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություններ, թե վերջինս, իբր, իրեն ոստիկանության բաժին բերման է ենթարկել ժամը 19:30-ին, կատարել անձնական խուզարկություն և վերցրել բջջային հեռախոսը:
Արթուր Ղ.-ն հայտնել է նաև, որ ինչպես հիշատակված արձանագրություններում, այնպես էլ քրեական գործում առկա իր վերաբերյալ կազմված փաստաթղթերի տակ չի ստորագրել, քննիչի մոտ ցուցմունք չի տվել:
Արթուր Ղ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: