կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-09 18:59
Իրավական

«Մուսալեռ» համալիրում տեղի ունեցած սպանության գործով ևս երկու անձ է կալանավորվել

«Մուսալեռ» համալիրում տեղի ունեցած սպանության գործով ևս երկու անձ է կալանավորվել

Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր որպես մեղադրյալ է ներգրավվել ևս երկու անձ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված համալիրում 2016թ. հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ Խ.Խաչիկյանը և Ա.Պառավյանը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նրանք խմբի կազմում դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, հայհոյել աշխատակիցներ Վ.Խաչատրյանին, Ս.Խլղաթյանին, իսկ Ա.Պառավյանը նաև որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն է գործադրել նրանց, ինչպես նաև Տարոնիկ գյուղի բնակիչներ Ա.Կարապետյանի և Ա.Խլղաթյանի նկատմամբ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 9-ին Ա.Պառավյանը որպես մեղադրյալ է ներգարվվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Խ.Խաչիկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել է 22-ամյա Ա.Կարապետյանը, հրազենային վնասվածք ստացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող հրազենով կրակել է վիճաբանության մասնակիցներից Ա.Բաբայանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել հունվարի 7-ին։ Վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ: