կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-09 18:13
Քաղաքական

Ըստ ԲՀԿ-ականի` կառավարությունն ավելին չէր կարող անել

Ըստ ԲՀԿ-ականի` կառավարությունն ավելին չէր կարող անել

Ուշագրավ է, բայց այսօր ԲՀԿ-ն կողմ քվեարկեց բյուջեի նախագծին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Yerkir.am-ի հետ զրույցում փորձեց բացատրել, թե ինչպես ստացվեց, որ ԲՀԿ-ն էլ կողմ քվեարկեց փաստաթղթին:

«Նախ` պետք է հասկանանք և բյուջեն էլ դիտարկենք ոչ միայն ծախսերի ու ստացած եկամուտների համախմբում, այլ` որպես քաղաքական փաստաթուղթ: Մենք կողմ ենք քվեարկել` ոչ միայն մասնագիտական առումով, այլ նաև` քաղաքական դիրքորոշում հայտնելով: Իհարկե, այսօրվա բյուջեն արտահայտում է նախորդ հինգ-վեց տարիների դինամիկան, այսինքն` ինչ մոտեցումներով ես եկել, հասել սրան: Բայց պետք է հասկանաք, թե այսօր կառավարությունն ինչ է նախատեսում` ծրագրային առումով: Այսինքն` մի կողմից սա ֆինանսական փաստաթուղթ է, որովհետև արտահայտում է ֆինանսական ամբողջականությունը: Պետք է մտածել` հնարավո՞ր է, արդյոք, ավելի շատ եկամուտ: Մենք տեսել ենք, որ այստեղ պրոբլեմ չկա, մոտ իննսուն տոկոսը սոցիալական, գիտական, կրթական ու առողջապահականն է, քսանմեկ տոկոսը պաշտպանությունը, անվտանգությունը, երեք-չորս տոկոսը դոտացիան է, և մնացած ինը-տասը տոկոսն այլ ծրագրերինն է»,- ասաց Մելքումյանը:

Նրա խոսքով` հիմա պետք է նայել կառավարության գործունեությանը, տեսնել`ի՞նչ է նախատեսում, որպեսզի լավացնի դաշտը: «Խոսքը հարկային արտոնություններին է վերաբերում, սահմանամերձ համայնքներին, շինարարական կազմակերպություններին, ներդրումային ծրագրերի խթանմանը... Պետք է հասկանանք` ինչ է անում այս ոլորտներում... Կամ` մեր մասով` «Բարգավաճ»-ի մասով ի՞նչ է արել»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ իրենց դիրքորոշումները տարբեր իրավիճակներում փոփոխությունների կարող են ենթարկվել. «Օրինակ` եթե վարկառությունը վերաբերում է զենք ձեռք բերելուն: Մենք կողմ ենք, եթե ուզում ենք ատոմակայանի ռեսուրսը երկարացնել: Այսինքն` նայում ենք` ինչ կա, ինչ եկամուտներ ու ծրագրեր կան»:

Մելքումյանի խոսքով`պետք է քաղաքական որոշակի կամք, որը պետք է քաղաքական որոշակի միջոցառումներով ապահովել: «Մենք չունենք սեփականության անձեռնմխելիություն, ազատ մրցակցության ապահովում, օրենքի հավասարություն բոլորի համար, այդ թվում` և հարկային դաշտում, պայմանական հեղինակությունների ավանդույթներ ունենք, որոնք բերում են սահմանափակումների: Իշխանության ներսի հատվածում միաբևեռվածություն է լինում: Եթե իմ թվարկած ոլորտներում վերանայում չլինի, բյուջեն էֆեկտ չի տա: Դրա համար ես ասում եմ, որ մենք ավելի շատ մեր քաղաքական դիրքորոշումն ենք հայտնել, ոչ թե ֆինանսական արդյունավետությունն ենք գնահատել կամ ցածր տնտեսական աճը: Մենք գիտենք, որ սա իրատեսական է, դրանից ավելի չի կարող լինել, բայց եթե մենք ուզում ենք, որ սա լինի հենակետ հաջորդ զարգացումների համար, պետք է քաղաքական միջոցառումներ լինեն: Նոր Սահմանադրությունը շատ լավ հիմք է` ձերբազատվելու իշխանության ներսում եղած իմ թվարկած խնդիրներից»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը: