կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-06 23:35
Հասարակություն

Մահացածի անունը ցուցակից չեն հանել. ոստիկանության աշխատակիցը ներկայացնում է արձանագրված խախտումները

Մահացածի անունը ցուցակից չեն հանել. ոստիկանության աշխատակիցը ներկայացնում է արձանագրված խախտումները

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը ներկայացրեց քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկություն: Նրա խոսքով՝ ժամը 22:00-ի դրությամբ  ոստիկանության թեժ գծին ստացվել է 234 ահազանգ, որից 219 ԶԼՄ-ի հրապարակումներ են։

 «Դրանցից 29-ը վերաբերել են քվեարկությունն ուղղորդելուն, 18-ը՝ ընտրատեղամասերում կուտակումներին, նույնքան՝ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն, 20-ը դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն, 24-ը վերաբերել է ընտրակեղծիքին կամ լցոնումներին, 8-ը՝ վստահված անձանց թվաքանակի խախտմանը, 31-ը այլ անձի փոխարեն քվեարկությանը, 5-ը՝ քարոզչությանը, 13-ը` ընտրացուցակների ճշգրտմանը, 4-ը` վստահված անձանց նկատմամբ սպառնալիքին, 17-ը՝ կրկնակի քվեարկությանը, 7-ը՝ ընտրակաշառքին, 7-ը` բռնությանը կամ ծեծին, 2-ը՝ բաց քվեարկությանը, նույնքան էլ՝ հարկադրանքին: Եվս 29 տեղեկատվական բնույթի հարցեր են եղել, որոնք տեղում ճշգրտվել են ոստիկանության կողմից»-ասաց նա։

 Մերուժան Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ 234 ահազանգերից 30-ն արդեն ուղարկված են նախաքննական մարմիններ, 114-ը՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝  համապատասխան քննություն կատարելու նպատակով, մնացած 90-ի դեպքում դեռևս ստուգվում են փաստերը։ Ոստիկանության փոխգնդապետը պարզաբանում արեց նաև անձնագրերի ու վիզաների վարչության հետ կապված տեղեկատվական բնույթի հարցերի շուրջ։ «Այս ստորաբաժանման թեժ գծին ստացվել է 39 ահազանգ, որոնցից 37-ը կրել են տարբեր բնույթ, երկու հարցերից մեկը վերաբերել է քաղաքացու քրոջ մահվանը, բայց ցուցակում ընդգկված լինելուն։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ մահացել է արտերկրում, ու մահվան վկայականը ներկայացված չի եղել։ Երկրորդ ահազանգը վերաբերել է հաշվառված անձանց. տան վրա հաշվառված են եղել նախկին սեփականատերերը»,- ասաց նա: