Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 6-ին Արարատ համայնքի տարածքում հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած` Աֆղանստանի քաղաքացիներ Շոքաթ Ամինզան և Սեդիղոլլահ Ալիզադեն իրենց մեղավոր չեն ճանաչում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց նրանց հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ում հիշյալ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը), և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ալավերդյանը հայտնեց, որ իր պաշտպանյալները պնդում են, որ իրենք փախել են Աֆղանստանից և Հայաստան են մտել քաղաքական ապաստան խնդրելու նպատակով և համապատասխան դիմումներ են ներկայացրել միգրացիոն ծառայություն:
«Փորձաքննությամբ հիմնավորվել է, որ նրանց վրա կրակոցների հետքեր և այլ արգասիքներ չկան, ինչը բացառում է նրանց մասնակցությունը մարտական կամ այլ գործողություններին, այսինքն` ահաբեկչության հետ կապված վախերը չեզոքացված են»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ ինքը հիշյալ քաղաքացիների հարցով դիմել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի աշխատակազմին և միգրացիոն ծառայությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին` ժամը 18:00-ի սահմաններում, սահմանախախտման դեպք էր գրանցվել ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում` հայ-թուրքական պետական սահմանին: Աֆղանստանի երկու քաղաքացի՝ Շոքաթ Ամինզան և Սեդիղոլլահ Ալիզադեն, առանց սահմանված փաստաթղթերի, մուտք էին գործել Հայաստան, սակայն բռնվել էին սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից: