կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-14 20:06
Հասարակություն

Ոստիկանությունն իրավասու չէ օտարերկրյա պետությունում գտնվող անձին հանել ընտրողների ցուցակներից. պարզաբանում

Ոստիկանությունն իրավասու չէ  օտարերկրյա պետությունում գտնվող  անձին հանել ընտրողների ցուցակներից. պարզաբանում

ՀՀ ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանել ընտրողների ցուցակներից: Այս մասին նշված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «www.hraparak.am» կայքում հրապարակված «Անգլիայի քաղաքացին ևս սահմանադրական հանրաքվեի ընտրացուցակում է» վերտառությամբ հոդվածում տարածվել էր տեղեկատվություն, համաձայն որի՝ խմբագրություն զանգահարած Երևանի բնակչուհին ահազանգել է, որ թեպետ դեռևս 1991 թվականից իր դուստրը բնակվում է Անգլիայում, այնտեղի քաղաքացի է և դուրս է եկել Երևանի հաշվառումից, սակայն, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրացուցակներում էլ դեռեւս պահպանվում է նրա անուն-ազգանունը: Ըստ հոդվածագրի, իբր քաղաքացին մի քանի անգամ դիմել է, որ ընտրացուցակից հանեն աղջկա անունը:

«Տեղեկատվության կապակցությամբ նախ հիշեցնում ենք, որ նախնական ցուցակները հրապարակելու պահից սկսած՝ հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն, 010-37-02-36 հեռախոսահամարով: Այն գործում է նաև շաբաթ և կիրակի օրերին: Նշված ծառայության գործարկման պահից սկսած հոդվածում հրապարակված բովանդակությամբ զանգ չի ստացվել: Չի ստացվել նաև նման բովանդակությամբ դիմում:  Ինչ վերաբերում է Երևանի հաշվառումից դուրս գրված լինելու և քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում անձի տվյալների առկայության փաստարկին, այն ևս անհիմն պնդում է: Ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Եթե անձը ռեգիստրում չի ունենում հաշվառում, բացառվում է, որ վերջինիս տվյալները փոխանցվեն ընտրողների ռեգիստր»,-նշված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

Բացի այդ, ոստիկանությունը հիշեցրել է, որ բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով: