Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրւթյուններին մասնակցել են նաև միջազգային դիտորդներ: Evrensel.net-ի տեղեկացմամբ՝ դիտորդների թվում եղել է նաև Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից ուղարկված երեք հոգանոց պատվիրակությունը: Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հրավերով միջազգային դիտորդները ԺԴԿ-ի նահանգային կազմակերպության շենքում հավաքվել և ներկայացրել են իրենց դիտարկումները. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հայ դիտորդները պատմել են, որ իրենք շրջել են Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի 10 դպրոցներում, որտեղ ընտրություններ են ընթացել: Էսենյուրթի Իբրահիմ Օզայդըն տարրական դպրոցում ոստիկանությունը շուրջ 45 րոպե նրանց թույլ չի տվել ներս մտնել, ստուգել են նրանց անձնագրերը, իսկ ոստիկաններից մեկը հարցրել է. «Էս հայերն էստեղ ի՞նչ գործ ունեն»:
Նույն վերաբերմունքին են հայ դիտորդներն արժանացել նաև «18-րդ դարի» դպրոցում: Դիտորդներին շրջապատած ոստիկանները կրկին ստուգել են նրանց փաստաթղթերը, իսկ երբ պատվիրակության անդամները ներկայացել են, ոստիկաններն ասել են. «Հա, հա, հասկացա՝ հայ եք, հայ»:
Դիտորդները նշել են, որ նման վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում օտարազգի դիտորդների իրավունքներն օրենքով հստակ ամրագրված չեն: Դիտորդները պատմել են նաև, որ որոշ դպրոցներում հանդիպել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կրծքանշաններով մարդկանց, որոնք հաճախակի միջամտել են քաղաքացիների ընտրությանը: Իսկ տարեց և հիվանդ քուրդ ընտրողները, ըստ դիտորդների, համապատասխան օգնություն չեն ստացել ընտրատեղամասերի աշխատակիցների կողմից:
Իրենց դիտարկումներն են ներկայացրել նաև Ֆրանսիայի, Սերբիայի, Հունգարիայի դիտորդական պատվիրակությունները, որոնք ևս ոստիկանների կողմից ճնշման և ստուգումների են ենթարկվել: Իսկ Թուրքիա մեկնած՝ Հունաստանի պատվիրակության անդամները ձերբակալվել և արտաքսվել են երկրից: