կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 14:01
Քաղաքական

Ի՞նչ են ասում «Ոչ»-ի երեք հատվածները

Ի՞նչ են ասում «Ոչ»-ի երեք հատվածները

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց ընդդեմ սահմանադրական բարեփոխումների ստեղծված «Ոչ»-ի ճակատի մասին` ասելով, որ պետք է տեսնել, թե ինչ են ասում դրա կողմնակիցները:

«Այն հատվածը, որը «ոչ»-ը օգտագործում է սեփական ներխմբային, նեղ կուսակցական շահերը առաջ մղելու համար, բազմիցս է հրավիրվել քննարկումների, բանակցությունների, բանավեճերի, բայց նրանք հրաժարվել են: «Ոչ»-ի այն հատվածը, որը գաղափարապես դեմ չէ սահմանադրական փոփոխություններին, բայց չի հավատում այսօրվա իշխանությունների բարի կամքին: Պարզապես եթե այդ հատվածը մի պահ նայի` ոչ թե ով է առաջարկում, այլ ինչ է առաջարկվում, ապա վստահ եմ, որ դրական կողմեր շատ կտեսնի»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության իրավասություն ունի երկու սուբյեկտ` նախագահը կամ Ազգային ժողովը, այլ սուբյեկտ չկա:

Եվ, ըստ Արծվիկ Մինասյանի, կա նաև «ոչ»-ի երրորդ հատվածը, որը ճնշող մեծամասնություն է կազմում, նրանց մի մասը անտարբեր է, թե ինչ է կատարվում, մյուս մասը չի էլ մտածում, որ Սահմանադրությունը կարող է իրենց կյանքում շատ բան փոխել: Եվ պատգամավորը կարծում է, որ լրագրողներից էլ է շատ բան կախված, որ հանրությանը տեղեկացնեն ճշմարտության մասին, և «այո»-ն էլ, «ոչ»-ն էլ պետք է տրամաբանված ներկայացվեն, հակառակ դեպքում` հանրությունը ապատեղեկատվություն կստանա: