|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովում Հանրային հեռուստառադիոընկերության` 2014 թվականի գործունեության մասին հաղորդում էր ներկայացնում Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տարակուսեց, թե ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությունը մինչ այժմ չունի քաղաքական կարևոր հարցերի վերաբերյալ հաղորդում, որում ազատ խոսքի իրավունք կունենան բոլորը: Պատգամավորը նշեց, որ Ռուբեն Ջաղինյանի հետ դրա վերաբերյալ խոսել են 2,5 տարի առաջ, սակայն մինչ այժմ նման հաղորդում դեռ չի պատրաստվել:
ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը հավելեց. «Շատ սառն ա Հանրայինը, այնինչ` կարևոր է ազատ ամբիոն տրամադրել բոլորին»:
Ռուբեն Ջաղինյանը հակադարձեց` ասելով, որ դեռ չեն գտել, և ոչ ոք չի էլ կարող գտնել հայկական «Սոլովյովին»:
ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը նշեց. «Եկեք` Ռուբիկ Հակոբյանին համոզենք, որ դառնա մեր նոր «Սոլովյովը»:
Հակոբյանն էլ արձագանքեց` ասելով, որ դրա համար մարդը չպետք է կուսակցական լինի: Նա քննադատեց Ռուբեն Ջաղինյանին, որ, եթե 2,5 տարի հայկական «Սոլովյով» են փնտրում, բայց չեն գտնում, ուրեմն դա Հանրային հեռուստաընկերության խնդիրն է: «Չեմ կարծում, որ մեր լրագրության մեջ չկա այնպիսի լրագրող, որ կարողանա բանավեճ վարել: Այնպես որ` այդ փաստարկները, թե չեք կարողանում «Սոլովյով» գտնել, հիմնավոր պատճառ չէ: Ձեր հաշվետվության մեջ գրել եք, որ Հանրային հեռուստաընկերության նպատակն է համակողմանի լուսաբանել երկրի քաղաքական ու տնտեսական կյանքի կարևոր իրադարձությունները: Դուք հավատո՞ւմ եք, որ դա իրականացնում եք: Համապետական նշանակության քանի՞ հարց է եղել, որ կարողացել եք ապահովել անաչառ լուսաբանումը: Հանրայինի եթերը փակ է, նորմալ բովանդակային բանավեճ չի գնում: Մարզում ապրող մտավորականը տեղյակ չէ՝ ինչ ասել է եվրոասոցացում, Մաքսային միություն»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Ջաղինյանը փորձեց սրամտել. «Նեղված ե՞ք Սոլովյովից, չեմ հասկանում: Այո, ունենք այն, ինչ ունենք: Հեռուստատեսությունը օրեցօր փոխվում է, միգուցե ժամանակ է պետք»: Վերջում նա բոլոր պատգամավորներին հրավիրեց Հանրային հեռուստաընկերություն, որ տեղում տեսնեն, թե ինչ է արվել ու ինչ է արվում: