կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 11:50
Արցախ

Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ եւ անկախ երկու պետություն. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ եւ անկախ երկու պետություն. Բակո Սահակյանի ուղերձը

Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը 
Արցախի Հանրապետության օրվա առթիվ


Սիրելի հայրենակիցներ,

Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ կարեւորություն ունի մեր ժողովրդի կյանքում: 
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ եւ անկախ երկու պետություն, իրականություն դարձավ դարեր շարունակ փայփայած, բազում փորձությունների միջով անցած եւ մինչեւ մեր օրերը հասած նրա երազանքը:
Դա իր հողի վրա տիրոջ իրավունքով ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու սովորական մարդկային ձգտումն է, որը, բնականաբար, հատուկ է յուրաքանչյուր ազգի:
Համախմբվելով եւ միատեղելով մեր ուժերը` պատերազմի դաշտում պաշտպանեցինք մեր ազգային արժանապատվությունն ու ժողովրդի ապագան, այսօր էլ կառուցում ենք ժողովրդավարական պետություն` միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելով աշխարհին:
Դա դժվարին, բայց եւ պատվաբեր ուղի է, որը մենք անցնում ենք Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի տված: Այդպես միասնաբար մենք կյանքի կկոչենք շատ ու շատ ծրագրեր եւ անպայման կհասնենք համազգային նպատակների իրականացմանը:

Թանկագին հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ պետական այս նշանակալի տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին եւ բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախի Հանրապետությանը: