կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-29 16:13
Հասարակություն

Կարտոֆիլի առատ բերք ենք ունենալու

Կարտոֆիլի առատ բերք ենք ունենալու

Կարտոֆիլի սպասվող բերքի և ներկայիս գների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն բավարարվում է ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում արտահանումների համար։

Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին։   Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է  ապրիլ ամսից և ավարտվում հուլիսին։   Հանրապետության բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են ուշահաս սորտեր, որոնց մասսայական բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսերից,  իսկ նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի  բերքահավաքն արդեն  մեկնարկել է։  

Ստացվում է այսպես, որ ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը, որն էլ հանգեցնում է ժամանակավոր գնաճի։   Վստահեցնում ենք հանրապետության սպառողներին, որ մինչև սեպտեմբեր ամսվա առաջին կեսը շուկայում աստիճանաբար կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին։   Նախարարությունը վերահսկում է իրավիճակը և հավաստիացնում , որ առաջիկայում արդեն կարտոֆիլի շուկայում կդիտվեն դրական փոփոխություններ։