Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մայիսի 12-ին, մեկնել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ անցկացվել է մեղվաբուծության ոլորտին նվիրված խորհրդակցություն: Միջոցառմանը ներկա էին նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը:
Բացելով խորհրդակցությունը` նախարարն իր ողջույնի խոսքում ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աշխատանքները եւ դրանց արդյունքները: Մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին հատկացվող պետական աջակցության ծրագրերին` նախարարը նշել է, որ պարարտանյութերի եւ դիզելային վառելիքի բաշխման գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է, եւ գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ հայտեր ներկայացնել:
Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում պարարտանյութերը հողօգտագործողներին տրամադրվում են մատչելի գներով` 1 պարկ (50 կգ) ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին տրամադրվում է 6000, իսկ կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերը` 7000 դրամով: Դիզելային վառելանյութը հողօգտագործողներին տրամադրվում է 1 լիտրը 350 դրամ վաճառքի արժեքով, 1 հեկտարի համար մինչեւ 200 լիտր նորմայով: Սահմանված առավելագույն քանակը 600 լիտր է: Նախարարի խոսքով` գյուղատնտեսությունը հանրապետությունում վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում` ապահովելով միջինում 7,5 տոկոս աճ եւ զարգացման մեծ ներուժ ունի: Նախարարի հավաստմամբ վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է անասնագլխաքանակը, այդ թվում` նաեւ Արագածոտնի մարզում, ժամանակին իրականացվում են գյուղատնտեսական կենդանիների պատվաստումները:
Ընդգծելով, որ տարին բարենպաստ է եւ հատկապես պտղի ու խաղողի բարձր բերք է սպասվում` Սերգո Կարապետյանը եւս մեկ անգամ հավաստել է, որ մթերումները կիրականացվեն ամբողջ ծավալով, պետությունը կաջակցի վերամշակող ընկերությունների խնդիրների լուծմանը եւ կհետեւի, որպեսզի մթերումների գործընթացը պատշաճ եւ ժամանակին կազմակերպվի: Հաշվի առնելով հանրապետությունում դիտվող խոնավ եւ տաք եղանակային պայմանները` նախարարը խորհուրդ է տվել գյուղացիներին անպայման բուժման աշխատանքներ կատարել կորիզավոր պտղատեսակների հիմնական վնասատուների եւ հիվանդությունների դեմ, քանի որ նման եղանակային պայմանները նպաստում են մի շարք սնկային հիվանդությունների բուռն զարգացմանը:
Նախարար Սերգո Կարապետյանը հայտնել է նաեւ, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հետ համատեղ այցելություններ են կատարվելու բոլոր մարզեր` տեղի մեղվաբույծների հետ առկա խնդիրները քննարկելու, առաջարկությունները լսելու, մեղվաբուծության զարգացման ծրագրեր կազմելու եւ կառավարութան քննարկմանը ներկայացնելու նպատակով: Խորհրդակցության ավարտին նախարարը լսել եւ պատասխանել է մեղվաբույծների կողմից բարձրացված հարցերին: