կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-29 14:34
Հասարակություն

Եթե արտադրողները պայմանագիրը չստորագրեն, ապա կհոսանքազրկվեն. Հակոբ Ավագյան

Եթե արտադրողները պայմանագիրը չստորագրեն, ապա կհոսանքազրկվեն. Հակոբ Ավագյան

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է այն խնդրին, որի առջև այսօր կանգնել են ՓՄՁ-ները: Բանն այն է, որ մինչ կառավարությունը որոշում է քննարկել` ՓՄՁ-ները վճարելու են հոսանքի թանկացված սակագներով, թե ոչ, ՀԷՑ-ի աշխատակիցները արդեն ՓՄՁ-ներին ներկայացնում են պայմանագրեր, որտեղ տեղեկացնում են օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի նոր` բարձրացված սակագների մասին:

Հակոբ Ավագյանի խոսքով` փոքր բիզնեսի արտադրության ոլորտում հոսանքի սակագինը ինքնարժեքին մասնակցող բաղադրիչ է: 

«Գուցե առաջին հայացքից թվում է, թե հոսանքը քիչ չափով է թանկացել, և այն չի կարող էական ազդեցություն ունենալ, սակայն արտադրության և բիզնեսի տեսանկյւունից միանշանակ  այն էական ծախսի է վերածվում»,- ասաց Հակոբ Ավագյանը: 

Այն հարցին, թե արդյոք ՓՄՁ-ները իրենց բողոքը կարտահայտեն փողոցում` բողոքի ակցիաների ձևով, Հակոբ Ավագյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի թակացման դեմ ընդհանուր բողոքին բոլորս ականատես եղանք Բաղրամյան փողոցում,  քանի որ դա բոլորի բողոքն էր,  թե ազգաբնակչության, թե ձեռներեցների: Հակոբ Ավագյանի խոսքով`հոսանք չունենալը հավասար է բիզնեսի փակման հետ : Եվ այս օրերին բազմաթիվ ՓՄՁ-ները շփոթված են,  հարցնում են  ստորագրեն թե ոչ ՀԷՑ-ի կողմից ներկայացվող պայմանագրերը:

 «Ես  նրանց ասում եմ, որ իրավական առումով ՀԷՑ-ի կողմի ներկայացվող պայմանագրերը ճիշտ են,  քանի որ նրանք  պայմանագրով տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ից հոսանքի որ սակագներն են ուժի մեջ մտնում,և չստորագրելու դեպքում իրենք կանջատեն հոսանքը: Իսկ դա ինչ է նշանակում, որ  հիմնարկի աշխատանքը կանգնեց: Եթե խնդիրը լրջանա, ապա  միանշանակ բողոքի ալիք կբարձրանա, և հոսանքի ծախսի  հետ անմիջականորեն առնչվող արտադրողների մոտ այդ խնդիրը ռեզոնանս կառաջացնի:Բայց թե ՓՄՁ-ների փակման հարց կառաջանա, թե ոչ, դա արդեն պետք է նայել կոնկրետ դեպքերով»,- ասաց Հակոբ Ավագյանը: