կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 14:05
Իրավական

Փաստաբանի համար սպասելի էր, որ իր դեմ հարուցված քրեական գործը կկարճվի

Փաստաբանի համար սպասելի էր, որ  իր դեմ հարուցված քրեական գործը կկարճվի

ՀՀ քննչական կոմիտեն երեկ կարճել է փաստաբան Տիգրան Հայրապետյանի  դեմ հարուցված քրեական գործի վարույթը:

Հիշեցնենք, որ փաստաբանի դեմ գործ էր հարուցել ՀՔԾ-ն՝  Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը միջամտություն): Ըստ ՀՔԾ-ի՝ Տիգրան Հայրապետյանն իբր տարբեր պատճառաբանություններով, միտումնավոր երեք անգամ խափանել է փորձաքննության կատարումը և իբր հանձնաժողովի նիստի ընթացքում վիրավորել է փորձագետներին՝  նրանց սադրիչ հարցեր ուղղելով:

Այսօր` «Մեդիա կենտրոն»-ում փաստաբանի դեմ հարուցված քրեական գործի քննարկման ժամանակ, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեջլումյանը նշեց, որ օբյեկտիվ քննության արդյունքում նման գործը հեռանկար չէր կարող ունենալ, և հենց այդ պատճառով էլ այն կարճվեց:

 «Լինում են քրեական գործեր, որ փաստաբաններ են դատապարտվում, օրինակ` խարդախության համար և այլն, բայց երբ փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում իր գործունեության համար, այլ խնդիր է: Տիգրանին պաշտպանելով` մենք ողջ փաստաբանական ինստիտուտն ենք պաշտպանում»,- ասաց Մեջլումյանը:

Տիգրան Հայրապետյանն էլ հայտնեց, որ հանրության նման արձագանքից հետո սպասելի էր, որ, առանց ապացույցների, որոշումը երկար կյանք չէր ունենա: