կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 09:09
Քաղաքական

Արթուր Բաղդասարյանի «Հայասի»-ն նաև իրավական խնդիրներ ունի. «Հրապարակ»

Արթուր Բաղդասարյանի «Հայասի»-ն  նաև իրավական խնդիրներ ունի. «Հրապարակ»

«Նախօրեին լուր տարածվեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած, ուստի այն ցանկանում է վաճառել, բայց գնորդ չի գտնում։

Մեր տեղեկություններով, սակայն, «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլև իրավական խնդիրներ ունի։ Շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը, որը, ի դեպ, միայն ինքն իրավունք ունի արտադրել ու վաճառել «Շոտլանդական վիսկի» անվանումով խմիչքը, դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս, առանց իր հետ որևէ համագործակցության, «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում ու վաճառում։ Դատական գործն Արագածոտնի մարզի դատարանում է, և, մեր տեղեկություններով, դատավոր Գ. Նարինյանն արգելանք է դրել «Հայասիի» ապրանքների վրա։ Իսկ սա նշանակում է, որ դատարանն արգելել է ընկերության արտադրանքի վաճառքը։ Եվ եթե ֆինանսական խնդիրների մասին տեղեկությունները ճիշտ են, ապա դատարանի որոշումն ավելի կվատացնի վիճակը։

Չի բացառվում, որ իշխանություններն այս կերպ՝ ֆինանսական և դատական խնդիրներ առաջացնելով, փորձում են կանխել Արթուր Բաղդասարյանի հնարավոր քաղաքական ամբիցիաները։ Հակառակ պարագայում կարելի է ենթադրել, որ դատավորն առյուծի կաթ է խմել իշխանության հետ սերտ կապեր ունեցող Արթուր Բաղդասարյանի ընկերության հետ կապված նման որոշում կայացնելիս»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։