կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 17:00
Քաղաքական

Հավերժ ոչինչ չկա այս լուսնի տակ

Հավերժ ոչինչ չկա այս լուսնի տակ

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն անդրադարձան նախագահի ընտրության հարցում Սփյուռքի մասնակցության խնդրին:

«Եթե նախագահի ընտրության հարցում Սփյուռքի  ներգրավման հարցը չի լուծվում, ապա ընտրիչների ժողովը, այն ձևով, ինչ հիմա կա նախագծում, պետք է փոխել: Մենք առաջարկություն ենք ներկայացնելու, որ ավելի լավ է ընտրիչների գաղափարը չլինի, եթե Սփյուռքը ներգրավված չէ այդ պրոցեսում, և նախագահի ընտրությունը միանգամից վերապահվի ԱԺ-ին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Աղվան Վարդանյանը հավելեց, որ եթե ապագայում ստեղծվի այդ մեխանիզմը, որով Սփյուռքը կարող է ներգրավվել այդ պրոցեսում, ապա կարևոր է, որ դա չարգելվի Սահմանադրությամբ, որովհետև փոփոխվող Սահմանադրությամբ նախագահը, ինչ-որ առումով, համազգային միասնության խորհրդանիշ պետք է լինի, և Դաշնակցությունը կարևորում է Սփյուռքի մասնակցությունը:

Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀԿ խոսնակը հայտարարել էր, թե երկրի  կարևորագույն պաշտոնների հարցը լուծվելու է Մելիք-Ադամյան փողոցում, այսինքն` ՀՀԿ-ում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «1995-ին ընդունվեց առաջին Սահմանադրությունը, և ՀՀՇ-ն հայտարարում էր, որ մինչև 2020-ը իշխանությունն իրենք են լինելու: Երեք տարի անց այդ իշխանությունն արդեն գոյություն չուներ: 2005-ին ընդունվեց երկրորդ Սահմանադրությունը, բոլորն ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանը դա անում է իր իշխանությունը երկարացնելու համար, բայց երեք տարի անց Ռոբերտ Քոչարյանը իշխանություն չուներ: Գումարեք 10 տարի, կստանաք 2015թ., գումարեք ևս 3 տարի, կստանաք Շարմազանովի պատասխանը: Հավերժ ոչինչ չկա այս լուսնի տակ»: