կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-22 15:27
Հասարակություն

Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանի կինը

Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանի կինը

Կյանքից հեռացել է սիրված պարուհի Աստղիկ Զարգարյանը` հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը:

Աստղիկ Արտաշի Զարգարյանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 21-ին Երեւանում: Սովորել է Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցում` դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում: Այնուհանդերձ, Աստղիկ Զարգարյանի իրական կոչումը եղել է պարը: Նա սկզբում ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մասնակցություն է ունեցել մի շարք ներկայացումներին:

Մի քանի տարի անց` 1948 թվականին, նա ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի եւ որտեղ էլ կայացել է նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ: Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով` ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» եւ այլ մենապարեր: Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:

Աստղիկ Զարգարյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը` օգոստոսի 24-ին: