Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Նունե Մ.-ն հայտնել էր, որ 2014թ. նոյեմբերի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերլիազորի թելադրանքով տվել է հաղորդում, որ, իբր, ամուսինը իրեն ծեծելով նստեցրել է տաքսի ավտոմեքենա, ամբողջ ճանապարհին ծեծել, հայհոյել է իրեն, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ, բաճկոնի գրպանից հանել է 20 հազ. ՀՀ դրամ գումար, ապա քաշելով տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին ու մեկ օր պահելով այնտեղ, հաջորդ օրը բաց է թողել:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Հետագայում Նունե Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ հիշյալ դեպքի վերաբերյալ իր հայտնած տեղեկությունները սուտ է, չի համապատասխանում իրականությանը, հաղորդումը գրել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերլիազոր Հրաչյա Ֆալանջյանի թելադրանքով, նրան միայն հայտնել է, որ ամուսինը ծեծի է ենթարկել իրեն, իսկ վերջինս խաբելով իրեն թելադրել է նման հանգամանքներ:
Նունե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության են ենթարկվել Նունե Մ.-ի կողմից նշված՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դրվագների բոլոր հանգամանքները:
Քրեական գործի շրջանակում կատարվել են անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ, մասնավորապես` հարցաքննվել են Նունե Մ.-ից հաղորդում վերցրած և նրա հետ առնչված ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները, հարցաքննվել են Նունե Մ.-ի հարազատները, քրեական գործի շրջանակում վերջինիս և ոստիկանության աշխատակիցների միջև կատարվել են առերես հարցաքննություններ` ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից Նունե Մ.-ից հանցագործության մասին հաղորդում, այնուհետև նույն դեպքի վերաբերյալ բացատրություն վերցնելիս նրան իրականությանը չհամապատասխանող հանգամանքներ թելադրելու ձևով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման նպատակով:
Կատարված քննության ընթացքում բավարար ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել օպերլիազոր Հ. Ֆալանջյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, ինչպես նաև արդարադատության կամ պետական ծառայության դեմ ուղղված որևէ այլ հանցագործություն կատարելու հանգամանքը: Նշված պայմաններում առկա ապացույցները բավարար չեն եղել նաև Նունե Մ.-ի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը հաստատված համարելու առումով, ուստի որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը: