Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին տարիներին աշխարհի մի շարք երկրներում նկատվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում: Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Վրաստանում շարունակվում է դեռևս 2013 թվականին սկսված կարմրուկի բռնկումը:
ՀՀ-ում 2015 թվականի մայիս-հուլիս ամիսներին արձանագրվել է կարմրուկի 18 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից ժամանած հիվանդ անձանց հետ: Դեպքերից 17-ի մոտ կարմրուկը հաստատվել է լաբորատոր, իսկ 1-ի մոտ առկա է համաճարակաբանական կապը: Դեպքերից 11-ը 2-7 տարեկան երեխաներ են, իսկ մյուս 7-ը` 24-50 տարեկան մեծահասակներ: 18 հիվանդից 15-ը կարմրուկի դեմ ընդհանրապես չեն պատվաստվել, իսկ 3-ը՝ թերի: Դեպքերից 2-ը գրանցվել է Գեղարքունիքի, 2-ը՝ Լոռու, 2-ը՝ Արագածոտնի մարզերում, իսկ 12-ը` Երևանում:
2013-2015թթ. հանրապետությունում արձանագրված կարմրուկի դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում կապված են զբոսաշրջության հետ և գրանցվում են հիմնականում վերջինիս աշխուժացման ժամանակահատվածում՝ մայիս-օգոստոս ամիսներին: Բնակչության ակտիվ տեղաշարժերը նպաստում են Հայաստանի Հանրապետություն կարմրուկի վիրուսի ներթափանցմանը և հետագա տարածմանը: Կարմրուկի դեպքերը գերազանցապես արձանագրվում են չպատվաստված, պատվաստումներից հրաժարված և թերի պատվաստված անձանց շրջանում:
Տարիների ընթացքում բնակչության որոշակի խմբերում պատվաստումներ չստացած անձանց կուտակումը նպաստավոր պայմաններ է ստեղծում կարմրուկի վիրուսի շրջանառության համար, ինչի արդյունքում, հեշտությամբ թիրախ գտնելով, վիրուսն արագ տարածվում է՝ վտանգելով նաև մեկ դեղաչափ պատվաստում ունեցողներին:
Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վարակիչ և բարձր կոնտագիոզ (հպավարանցիկ) հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային մեխանիզմով: Գաղտնի շրջանը տևում է մինչև 21 օր, միջինը՝ 7-18 օր: Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով (քթի լորձաթաղանթի բորբոքում), կոկորդի ցավով, կոնյուկտիվիտով (աչքերի եղջրաթաղանթի բորբոքում), հետո միանում է ցանը: Կարմրուկի բարդություններից են թոքաբորբը, ուղեղի այտուցը, էնցեֆալիտը:
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումը կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցն է:
Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ համակցված ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ) պատվաստում՝ 12 ամսականում և 6 տարեկանում: Միայն ժամանակին և լիարժեք պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և հանրապետությունում կարմրուկի վիրուսի հետագա տարածումը:
Հիշեք, կարմրուկի դեմ կայուն և լիարժեք պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է առնվազն երկու դեղաչափ պատվաստում:
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է. եթե Ձեր երեխան կարմրուկի դեմ պատվաստված չէ կամ թերի է պատվաստված, դիմեք Ձեզ սպասարկող պոլիկլինիկա կամ ամբուլատորիա։ Պատվաստումը, հատկապես շրջագայությունից առաջ, Ձեր և երեխայի առողջության պահպանման, բարդություններից խուսափելու և բռնկումները կանխելու միակ անվտանգ և արդյունավետ միջոցն է: