կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-19 12:29
Հասարակություն

Կրակել են Լոռու մարզպետի որդու վրա

Կրակել են Լոռու մարզպետի որդու վրա

Երեկ` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի կոճի մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Լեւոն Նալբանդյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Լ. Նալբանդյանը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ղոլաքար կոչվող հանդամասից: Պարզվել է նաեւ, որ հանդամասում գտնվող «Հայոց եռագույն» եւ «Հայոց զինանշան» անունը կրող զրուցարանի մոտ նրան հրազենային վնասվածք է պատճառել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Երիցյանը իր մոտ եղած ինքնաձիգից արձակած կրակոցով:

Վեճի պատճառը եղել է նշված հատվածում բնական կարիքների շուրջ ծագած տարաձայնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կ. Երիցյանը ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին, հայտնել կատարվածի մասին եւ ներկայացրել ինքնաձիգը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ Լ. Նալբանդյանը, ով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին է, Ալավերդիի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քննիչի որոշմամբ ինքնաձիգն առգրավել են, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: