Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ի սկզբանե ցանկանում էինք ոչ միայն պետությունների միջև առկա սահմանների, այլ նաև մարդկանց մտքում, պատկերացումներում եղած սահմանները փոխել»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագիտությամբ լրագրող Սոնա Քոչարյանը, ում «Ինչպես անցնել /Ջիլիզից Ջիլիզ/» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Քոչարյանը նշեց նաև, որ ֆիլմի գաղափարը ծնվել է, երբ ընկերներով սահմանների մասին զրուցելիս են եղել: «Մտածում էինք` տեսնես կգա մի օր, երբ սահմաններ այլևս գոյություն չեն ունենա: Հետո արդեն սկսեցինք մասնակցել սցենարային մի շարք դասընթացների, և ընդգրկված լինելով ԹՈՒՄՈ-ի ծրագրերից մեկին` պետք է ֆիլմ նկարեինք: Գնացինք Ջիլիզ և սկսեցինք մեր նկարահանումները»,- ասաց Քոչարյանը:
Ֆիլմի համահեղինակ, կրկին լրագրող Մարինե Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ Ջիլիզում 20 տուն կա և իրենք արդեն ճանաչում էին բոլորին, բայց դժվարանում էին հերոսուհի ընտրել: «Մի օր էլ մեզ մոտեցավ մի աղջնակ` Լուսինեն, և ասաց, որ ուզում է մեզ իրենց գյուղը ցույց տալ, պատմել գյուղացիների մասին: Լուսինեն երազում էր անցնել սահմանը և տեսնել սահմանից այն կողմ գտնվող իր տատիկին և բարեկամներին: Սկզբում մենք չպատկերացրինք, որ հենց նա է մեր հերոսը, սակայն հենց վերադարձանք քաղաք` որոշեցինք նրան էլ ընտրել»,- ասաց Մարինե Քոչարյանը` հավելելով, որ որպես ֆիլմի հերոս երեխային ընտրելը ուժեղացրել է ֆիլմը.«Լուսինեն չի էլ պատկերացնում` ինչ է սահմանը, և նրա խոսքը շատ անմիջական և անկեղծ է ընկալվում: Ուզում էինք, որ մեր ասելիքը տեղ հասներ ոչ թե մեծի, այլ երեխայի միջոցով, ով երբեք դուրս չի էլ եկել իր գյուղից»:
Նշենք նաև, որ ֆիլմը Կանադայի վավերագրական ֆիլմերի HotDocs կինոփառատոնին արժանացել է Պատվավոր հիշատակում մրցանակին` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Ի դեպ, ֆիլմն արդեն փառատոներին մասնակցելու հրավերներ ունի Ամստերդամից, Արգենտինայից և Կորեայից:
Yerkir.am -ի հարցին, թե ֆիլմը ինչ փոխեց նրանց` սահմանի մասին պատկերացումներում, Մարինե Քոչարյանը պատասխանեց, թե շատ բան.«Հետաքրքիրն այն է, որ հենց սահմանների պատճառով չենք կարողանում փառատոների մասնակցել` վիզայի, գումարի հետ կապված խնդիրներով»: