|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանն Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել երեկվանից: Նրա իրավունքն է, պայքարը շարունակելու` նրա ընտրած ձեւը: Ճիշտ է, Սանասարյանին չէր խանգարի այդ որոշումը կայացնելուց առաջ խորհրդակցել իր կուսակցության նախագահի հետ` հետաքրքրվելով, թե հացադուլը որքանո՞վ է արդյունավետ միջոց` քաղաքական կամ քաղաքացիական նպատակներին հասնելու համար: Բայց սա արդեն ներքին կուսակցական հարց է, չխառնվենք:
Առավել հետաքրքիր է Դավթի պահանջը, հատկապես, որ այդ պահանջը, ուշադրություն, հասարակությանն է ուղղված: Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է ոչ թե անհապաղ կասեցնել հոսանքի սակագնի բարձրացման որոշումը, ոչ թե, որ ոստիկանները չխանգարեն իրենց անել իրենց ուզածը, ոչ թե, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ը զիջի Րաֆֆի Հովհաննիսյանին, ոչ էլ անգամ երկիրը երկիր դարձնել, այլ պահանջում է, որ մարդիկ, այսինքն` ես, դուք, նրանք, գնան Ազատության հրապարակ: Հարց է առաջանում` որքա՞ն պետք է լինեն հրապարակում հավաքված ցուցարարները, որ Դավթի ախորժակը բացվի` հի՞նգ, տա՞սը, քսա՞ն, գուցե հարյո՞ւր հազար: Հավանաբար, նրանք բոլորը հրապարակ մտնելուն պես պետք է նախեւառաջ Դավթի մոտ գնան, գոտեպնդեն, ասեն, որ կողքին են…
Բայց այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա` մարդկանց իրավունքը: Եթե մարդիկ իրավունք ունեն գնալու Ազատության հրապարակ, ուրեմն նրանք նաեւ իրավունք ունեն չգնալու այնտեղ: Ի վերջո, ցանկացած պայքարի ժամանակ մարդիկ իրենք են որոշում դրան մասնակցելու իրենց ձեւաչափը կամ մակարդակը: Օրինակ` մարդ կա, որ նախընտրում է պայքարին օնլայն հետեւել, մարդ կա, որ նախընտրում է պայքարին հետեւել փողոցից, բայց` հեռու մի տեղ կանգնած, մարդ կա, որ նախընտրում է բռունցքները վեր պարզել եւ գոչել` մենք ենք այս երկրի տերը, մարդ էլ կա, ահա, որ հացադուլի է անցնում: Այս բոլոր մարդիկ անում են այն, ինչի իրավունքն ունեն: Դավիթն իր պահանջով, ըստ էության, շանտաժի է ենթարկում մարդկանց, խեղաթյուրում է նրանց` սեփական գործունեությունն ընտրելու իրավունքը:
Հաց կեր, Դավի\'թ: Չի բացառվում, որ քեզ շատ սիրող մեկն էլ հացադուլ հայտարարի` պահանջելով, որ դադարեցնես քո հացադուլը: Այդ դեպքում ի՞նչ պետք է անես:
Հովիկ Աֆյան