կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-02 11:26
Հասարակություն

Կկանխարգելվի, սեռով պայմանավորված, հղիությունների ընդհատումը

Կկանխարգելվի, սեռով պայմանավորված, հղիությունների ընդհատումը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու որոշման նախագիծը: ՀՀ ԱՆ Արմեն Մուրադյանը նշեց, որ օրենքների նախագծերը միտված են հղիության` երեխայի սեռով պայմանավորվածընդհատման կանխարգելմանը:

«Առաջին անգամ բժիշկների համար սահմանվում է պահանջ` հղիության ընդհատման գնացած կանանց տալ եռօրյա ժամանակահատված` վերջնական որոշում կայացնելու»,- ասաց Մուրադյանը` հավելելով. «Ընդհատման բժշկական միջամտությունը իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար խորհրդատվություն ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, ինչի մասին բժշկի կողմից գրառվում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում և հաստատվում կնոջ ստորագրությամբ»:

Նախարարը նշեց նաև, որ բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու` օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով: