կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 11:44
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Փյունիկ»-ը բացահայտ ֆավորիտի կարգավիճակում է

 Չեմպիոնների լիգա.  «Փյունիկ»-ը բացահայտ ֆավորիտի կարգավիճակում է

Այսօր` Երևանի ժամանակով 20:00-ին, տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Ֆոլգորե» հանդիպումը:

4-ամյա ընդմիջումից հետո երևանյան թիմը վերադառնում է Չեմպիոնների լիգայի մրցաշար: Նախորդ 4 տարիներին «Փյունիկ»-ը հանդես է եկել Եվրոպա լիգայի խաղարկությունում և մեկ անգամ կարողացել է հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Արդեն տխուր ավանդույթ դարձած` մեկ փուլ հաղթահարել կամ չհաղթահարելն այս անգամ, կարծես, կարող է խախտել Հայաստանի գործող չեմպիոնը: Իհարկե, «Բանանց»-ի` նախորդ տարվա խայտառակ պարտությունն այս անգամ ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ «Փյունիկ»-ի վրա, և սրա համար կան բավարար հիմքեր:

Հայաստանի գործող չեմպիոնի կազմն անհամեմատ ուժեղ է նախորդ տարվա «Բանանց»-ի կազմից: «Փյունիկ»-ի կազմում այժմ մեծ թիվ են կազմում հավաքականի ֆուտբոլիստները: Բացի այդ` մեծ արդյունավետությամբ է աչքի ընկնում մեքսիկացի ֆուտբոլիստ Սեզար Ռոմերուն, ով նվաճեց առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը:

Մրցակից թիմը համարվում է սիրողական մակարդակի թիմ, որտեղ հանդես են գալիս տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Թիմի ֆուտբոլիստներից մեկը էլեկտրիկ է, մյուսն աշխատում է բանկում և այլն…  Նման մրցակցի հետ խաղում «Փյունիկ»-ն, իհարկե, պարտավոր է մեծ հանգստությամբ և առանց որևէ ավելորդ լարվածության դուրս գալ հաջորդ փուլ:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլն անցնելուց հետո «Փյունիկ»-ին սպասում է Նորվեգիայի չեմպիոն «Մոլդե»-ն, որն այժմ Նորվեգիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղից հետո ունի 22 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Հարկ է նշել, որ բուքմեյքերները մրցավեճի բացահայտ ֆավորիտ են համարում երևանյան թիմին: Սարգիս Հովսեփյանի թիմի հաղթանակի համար սահմանվել է 1,1 գործակից, իսկ հյուրերի հաղթանակը ստացել է 20 գործակից: 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ