կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-25 14:15
Քաղաքական

Մարդիկ են հայտնվել, ովքեր իրենց իմիջն են վերականգնում. Գագիկ Բեգլարյան

Մարդիկ են հայտնվել, ովքեր իրենց իմիջն են վերականգնում. Գագիկ Բեգլարյան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագորողների հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշմանը և Բաղրամյան պողոտայում ցուցարարների պահանջին: Ըստ նրա` ցուցարարների պահանջի շնորհիվ բավականին մարդիկ իրենց հեղինակությունն են վերականգնում և փորձում երիտասարդների այդ գործողությունների ֆոնին երևալ:

Հարցին, թե պատրա՞ստ է վճարել թանկացած էլեկտրաէներգիայի դիմաց, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Իհարկե, պատրաստ եմ վճարել»:

Նա նշեց նաև, որ ինքը Բաղրամյան պողոտայում ներկայանալու կարիք չունի:

Պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է այն պահանջին, որ չեղարկվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, նախարարն ասաց. «Եթե պետությունը որոշում է ընդունել, որպեսզի թանկանա էլեկտրաէներգիան, դա չի նշանակում, որ օդից վերցրել և այդ որոշումն ընդունել է: Մասնագիտական մոտեցումներ կան, մասնագետներ կան: Նրանց հարցեր տվեք, նրանք կներկայացնեն ձեզ մանրամասնորեն` ինչու է կայացվել թանկացման որոշումը և ինչու է անհրաժեշտ ՀՀ-ին այդ որոշումը: Այդ մանրամասները, որ դուք լսեք ու իմանաք, ինքներդ և ժողովրդի մեծ մասը համոզված կլինի, որ էդ որոշումն ընդունված չէ օդից, այլ ռեալ տրամաբանություն կա տակը և ռեալ մոտեցում է»:

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում մարդկանց պայքարին, ըստ նրա, մասնագետներն այդ երիտասարդների հետ անպայման պետք է այդ մանրամասները քննարկվեն: «Թող լինեն գեղեցիկ, լավ դիսկուսիաներ, ժողովուրդը, դիսկուսիաները լսելով, ինքը կկողմնորոշվի ` երիտասարդնե՞րն են ճիշտ, թե՞ պետությունը, պետության մոտեցո՞ւմն է ճիշտ, թե՞ երիտասարդների պայքարը, և բոլորիս, նաև հանրությանը հայտնի կլինի ամեն ինչ: Ես նայում եմ, հետևում եմ ամեն օր` մինչև ուշ գիշեր, մինչև առավոտ, և ինձ համար շատ անցանկալի է էն պահերը, որ երիտասարդների այդ պայքարի, այդ ցուցարարների գործողությունների վրա մարդիկ են հայտնվել, վերականգնում են իրենց իմիջը, ուզում են հերոսանալ նորից: Դրա համար ասում եմ, որ լրագրողները շատ հարցեր տան հենց էդ մարդկանց: Շատ լավ կլինի մասնագիտական հարցեր տաք: Օրինակ` էն հարցը` ո՞նց եք գտնում` պետության այս որոշումը ի՞նչ հիմքեր ունի, և որտեղի՞ց են գալիս պետության այս քայլերը, ինչի՞ համար է թանկացման այսօրվա որոշումը, և ինչի՞ համար են պայքարում այս երիտասարդները: Էդ հարցերին թող պատասխանեն, նոր գնան, էդ երիտասարդների գործողությունների վրա հերոսանան»,- ասաց նախարարը: