Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-06 20:01
Հասարակություն

Կայացավ Ոչխարի խուզման երկրորդ փառատոնը

   Կայացավ Ոչխարի խուզման երկրորդ փառատոնը

«ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում այսօր անցկացվել է  «Ոչխարների խուզում» փառատոնը, որի հիմնական նախաձեռնողը «Տաթևի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամն է:


Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժինը։

Արդեն երկրորդ անգամ  անցկացվող փառատոնի գլխավոր  նպատակը Տաթևը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն է և «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված ինը համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը նպաստելը:

Բացի ոչխարների խուզման հետաքրքրաշարժ մրցույթից ու մրցանակաբաշխությունից, փառատոնի ընթացքում կազմակերպվել են  նաև տարբեր միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, մարզական մրցույթներ, ազգային և՝ կոնկրետ տարածաշրջանին բնորոշ ուտեստների համտես, ազգային տարազներով  լուսանկարահանում՝ «Մարաշլյան» ֆոտոստուդիայի կողմից:

«Տաթևի վերածնունդ» ծրագրում  ընդգրկված յուրաքանչյուր համայնք ներկայացել էր առանձին տաղավարով՝ զբոսաշրջիկներին առաջարկելով սեփական արտադրանքը:

«Այս փառատոնի, ինչպես նաև տարածաշրջանում իրականացվող IDeA հիմնադրամի մյուս նախաձեռնությունների գլխավոր նպատակը տարածաշրջանի համայնքների զարգացմանը նպաստելն է՝ հիմնականում զբոսաշրջության միջոցով: Այսպիսի միջոցառումները լավ հնարավորություն են, որպեսզի զբոսաշրջիկներն այցելեն Տաթև,  հյուրընկալվեն համայնքներում գործող B&B դասի հյուրատներում,  օգտվեն տեղի բարիքներից՝ այդ կերպ նպաստելով, որպեսզի համայնքներում ևս համապատասխան առաջարկներ ձևավորվեն: Այս ամենից բացի, փառատոնը նաև հետաքրքիր միջոցառումն է, որը զբոսաշրջիկներին տեղի հետաքրքիր ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն է ընձեռում»,-ընդգծել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշել է, որ    աշխատում են տարածաշրջանում գործող մոտ քսան B&B դասի հյուրատների հետ, աջակցություն և խորհրդատվություն է ցուցաբերվում, որպեսզի նրանք համապատասխան կարողություններ ստեղծեն և ի վիճակի լինեն պատշաճ որակի ծառայություններ մատուցել:  

«Փառատոնից ակնկալվող արդյունքը համայնքային տնտեսությունների  զարգացումն է: Այսինքն, զբոսաշրջիկը, այսպես ասած, պետք է գա, վայելի փառատոնը ու տարբեր ծառայություններ ստանալով՝ գումար  թողնի համայնքում: Մենք ուրախ ենք, որ շատ զբոսաշրջային ընկերություններ ոչխարների խուզման փառատոնն արդեն ներառում են իրենց  առաջարկներում և ժամանակացույցերում»,-ասել է Հայկ Թութունջյանը:

Ոչխարների  խուզման մրցույթին նույնպես մասնակցում են «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքների բնակիչներ: Ութ համայնքից ընտրված ինը մասնակիցները երեք փուլերով մրցել են հաղթողի կոչմանն արժանանալու համար: Ժյուրին որոշեց հաղթողին՝ հաշվի առնելով խուզման տևողությունն ու որակը:

Առաջին տեղը զբաղեցրել է Վերիշեն համայնքից Սեյրան Մկրտչյանը: Փառատոնի կազմակերպիչների կողմից մասնակիցներին և հաղթողին խրախուսական  մրցանակներ են շնորհվել։

Փառատոնը կազմակերպվում է «Տաթևի վերածնունդ», «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ -ի հետ համատեղ, գործընկերն  է Գորիսում գործող Կանանց զարգացման «Ռեսուրս Կենտրոն» հիմնադրամը, հովանավորներն են «Գոլդեն Գրեյփ Արմաս» և  Pepsi ընկերությունները: