կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-01 14:15
Հասարակություն

Հաճախակի են դարձել վարչապետի եւ Խաչատուր Սուքիասյանի հանդիպումները. գործարարը մանրամասներ ներկայացրեց

Հաճախակի են դարձել վարչապետի եւ Խաչատուր Սուքիասյանի հանդիպումները. գործարարը մանրամասներ ներկայացրեց

Վերջին շրջանում հաճախակի են դարձել վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի հանդիպումները: Ուշագրավ է, որ Yerkir.am-ի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը չհերքեց մեր տեղեկությունը: Ավելին` բացատրեց, թե ինչով են պայմանավորված նման հանդիպումները: Պարզվում է՝ քննարկել են ծրագրավորման ոլորտին առնչվող հարցեր:

«5000-ից ավելի ծրագրավորողներ, որոնք աշխատում են արտասահմանյան կառույցներում, վեց ամիսը մեկ բոնուսներ են ստանում: Իրենց մոտ հատուկ «սոֆթվերի» ծրագիր է աշխատում, և վեց ամիսը մեկ են նրանց տալիս այդ բոնուսները: Երբ գումարը միանվագ է գալիս, ընկնում է 36 տոկոսի տակ, բայց դա պետք է բաժանենք վեց ամսվա վրա, որովհետև մարդն իր վեց ամսվա աշխատանքի համար է ստացել այդ գումարը: Առաջինն այս խնդիրն է հուզում: Իսկ երկրորդ խնդիրը ևս ծրագրավորողներին է վերաբերում, որոնք ստանում են արժեթղթեր տվյալ կազմակերպությունում: Բանն այն է, որ այդ արժեթղթերն առքուվաճառք չեն ձևակերպում, իսկ մեր օրենքով Հայաստանում դա համարվում է գույք և պետք է հարկվի, բայց երբ մեկ դոլարով կամ մեկ միլիոն դոլարով առքուվաճառք լինի, չի հարկվի: Իսկ երրորդ առաջարկը վերաբերում է շահութահարկին: 50 միլիարդի պարագայում, երբ ասվում էր` երկու տոկոս, ես այլ առաջարկ էի արել, ասել էի` կապ չունի` ինչ գումար է: Եթե ցանկացած կազմակերպություն արտահանում է կատարում և շահաբաժին չի վերցնում, ապա շահութահարկ թող չվճարի: Որ պահին շահաբաժին կուզենա վերցնել, այդ ժամանակ նոր պետք է վճարի շահութահարկը: Հիմա այդ հարցը վարչապետի մոտ քննարկման փուլում է»,- ասաց Սուքիասյանը:

Դիտարկմանը, թե գուցե իրեն պաշտոն տան կառավարությունում, որ փոխադարձ աշխատանքն ավելի հեշտանա, գործարարն արձագանքեց. «Ես ցանկություն չունեմ, հիմա մի քիչ ավելի շատ եմ կարդում, հետաքրքրվում, վերլուծություններ եմ անում, երիտասարդներ կան, որոնց հետ աշխատում ենք, ընդհանուր խնդիրներ եմ նայում»:

Մեր այն հարցին էլ, թե վերջերս հրապարակում եղավ, համաձայն որի, հետեւելով Սուքիասյանի խորհրդին, գյուղացին սկսել է հող մշակել, արդյո՞ք այդքան հաճախ է հանդիպում գյուղացիների հետ, պատասխանեց, որ խմբեր է աշխատեցնում՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: «Ժամանակին ես հանդես էի եկել խոսքով, որ հողը, ջուրը, արևը մեր ռեսուրսներից են»,- ասաց նա:

Ի դեպ, գործարարից հետաքրքրվեցինք նաեւ, թե ո՞ւմ հետ է ավելի հեշտ համագործակցել՝ նո՞ր, թե նախկին վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի հետ: «Տարբեր հարթություններ են, բայց, արագության առումով, այս պահին այն պատկերը, որը մեզ պետք է, կա: Դրա մեծ մասը հիմա ընկալվում է: Կարծում եմ, որ թիրախը, որ մենք ընտրել ենք` գյուղատնտեսությունը, հիմնավորում կա, և Աբրահամյանն էլ հստակ տիրապետում է գյուղատնտեսությանը, խորքային տիրապետում է»,- պատասխանեց Սուքիասյանը:

Խոսելով ԵՏՄ-ին մասին` գործարարը նշեց, որ առաջին փուլում ԵՏՄ-ի վերաբերյալ ընկալումն էր այլ: «Մարդիկ մտածում էին, որ ԵՏՄ մտնեն, միանգամից եսիմ ինչեր պետք է լինեն: Շուկայում քո ունեցածը մեծացնելը ժամանակի խնդիր է: Բացի ժամանակից, նաև արտադրանք պետք է տաս: Մենք, օրինակ, պետք է հասկանանք` վերջին հինգ տարում որքան պտղատու ծառ է տնկվել և ամեն տարի որքան արտադրանք պետք է ունենանք»:

Վերջում, գնահատելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը, Խաչատուր Սուքիասյանը նշեց. «ԵՍ ՀՀ-ում ողջունում եմ ցանկացած քաղաքացու, ով դիրքորոշում ունի, ով ուզում է քաղաքականությամբ զբաղվել, և մեր Սահմանադրությունն էլ թույլ է տալիս: Բավական երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքական համակարգում է, քաղաքական համակարգի այբուբենը գիտի, ես իրեն հաջողություն եմ մաղթում»: