կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-23 11:46
Սպորտ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը ներառվել է Բաքվի Եվրոպական խաղերում

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը ներառվել է Բաքվի Եվրոպական խաղերում

Արդեն հայտնել ենք, որ Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական 1-ին խաղերի ծրագրով ըմբշամարտի մրցաշարին, որ տեղի է ունենալու հունիսի 13-18-ը Հայաստանի 10 ըմբիշ է մասնակցելու՝ 4` հունահռոմեական, 6` ազատ ոճի:

 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է, որ ըմբշամարտի Եվրոպայի ընկերակցության՝ CELA-ից ստացած պաշտոնական գրության համաձայն` Բաքվի Եվրոպայի օլիմպիական 1-ին խաղերի ծրագրով ըմբշամարտի մրցաշարը նաև Եվրոպայի առաջնության կարգավիճակ ունի, քանի որ նախաօլիմպիական մրցաշրջանում առանձին ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն չի կազմակերպվելու: Տեղին է նշել, որ թե' այս տարվա, թե' 2016-ին անցկացվելիք Եվրոպայի առաջնությունները, 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարեր չեն դիտվում: ՌԻՈ -2016-ի օլիմպիական ուղեգիր կարելի ձեռք բերել միայն այս տարվա սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում (ԱՄՆ) անցկացվելիք աշխարհի առաջնությունում և 2016-ի տարեսկզբին անցկացվելիք Եվրոպայի և աշխարհի մասշտաբով առանձին վարկանիշային 3 մրցաշարերում:

 

Բաղդադյանը հայտնել է նաև, որ Վրաստանում անցկացրած հավաքից հետո մարզումները շարունակում են Երևանի «Աշխատանք» ՄԸ մարզադահլիճում: Հունիսի 3-14-ը Երևանում հավաքականների հանրապետական կենտրոնում կկայանա ուսումնամարզական հավաք, իսկ հունիսի 15-ին կուղևորվեն Թբիլիսի, որտեղից էլ ինքնաթիռով կմեկնեն մրցավայր՝ Բաքու: Մարզչի խոսքով՝ ջանում են ըմբիշներին հոգեբանորեն ճիշտ պատրաստել կարևոր փորձությանը, հորդորում են իրենց սաներին` զերծ մնալ ավելորդ լարվածությունից ու ստուգատեսին պատրաստվել, ինչպես հերթական սովորական պատասխանատու մրցմանը, մտածել միայն մարզական պայքարի ու բարձր արդյունքներ արձանագրելու մասին:

 

Եվրոպայի ամառային օլիմպիական 1-ին խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցումները կկայանան հունիսի 16-18-ը: Հիշեցնենք, որ ազատ ոճի Հայաստանի հավաքականը Բաքվում կներկայանա 6 քաշային կարգերում՝ 2014 թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյան (57 կգ), մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյան (65 կգ) 2014 թ մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Մուսա Մուրթազալիև (86 կգ), գերծանր՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձե:

 

Հավելենք, որ Բաքու մեկնող ըմբշամարտի Հայաստանի պատվիրակության ղեկավար կազմում կլինեն ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, մարզիչներից իր հետ կլինեն ընտրանու երկրորդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը, Դավիթ Սաֆարյանի անձնական մարզիչ Աբդուլա Մագոմեդովն, ինչպես նաև  հավաքականի բժիշկ Արա Կարապետյանը: