Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով արտագաղթի մասին, նշեց, որ շատ ավելի լոյալ վերաբերմունք ունի:
«Արտագաղթը մեզ մոտ ընդունված է բնորոշել միայն բացասական երանգով, ինչի հետ ես համաձայն չեմ, որովհետև աշխարհն այսօր գլոբալ է, և եթե հնարավորություն կա գործունեություն իրականացնելու մեկ այլ տեղում, այդ մարդն ազատ է իրականացնել: Վերջին հաշվով պետք է հաշվի առնենք արտագաղթածների հաջողությունները. մենք ունենում ենք հաջողակ, հարուստ, նորից եմ ասում՝ բարգավաճ, հարուստ ու խելացի հայրենակիցներ, որոնք հայ ազգի կապիտալն են, իսկ դա վատ բան չէ»,- ասաց նա:
Լրագողների այն հարցին, թե, որպես նախկին վարչապետ, ինչպե՞ս կգնահատի ՀԷՑ-ի դիմումը հոսանքի սակագինը 17 դրամով բարձրացնելու համար, Դարբինյանը պատասխանեց, թե չի կարող գնահատել` որքանով է դա արդարացի: «Կան պատասխանատուներ, որոնք, ի վերջո, դրա համար բյուջեից փող են ստանում: Այս պահի դրությամբ այն, ինչ կարդացել եմ ու տեսել, համոզիչ չէ»,- ասաց նա:
Ըստ Դարբինյանի` վատ է, որ ՀԷՑ-ն ունի պարտքեր, քանի որ իրականում ՀԷՑ-ն իրավունք չունի պարտքեր ունենալու. ՀԷՑ-ն ամենաարդյունավետ գործող ձեռնարկություններից պետք է լինի:
Խոսելով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների չվճարված աշխատավարձերի մասին` Դարբինյանը նշեց, որ այդ ամենն իր համար, կարծես, առեղծվածային պատմություն լինի, քանի որ անհասկանալի է, թե ինչու է այդպես ստացվել: «Խնդիրն այն չէ, որ պարտք կա, այլ այն, որ ոչ էֆեկտիվ կառավարման հետևանքով մենք չգիտենք, թե ապագայում ինչեր կլինեն»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հարցին էլ պատասխանեց, որ քաղաքականությամբ չզբաղվելը Ծառուկյանի որոշելիքն էր, և ինքը հարգում է այդ որոշումը: «Ձեզ էլ եմ կոչ անում հարգել այն: Ամեն մեկն ինքն է ընտրում իր հաջորդ կանգառը»,- ասաց Դարբինյանը: