Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիշո՞ւմ եք Անդրանիկին: Դե, այն տղան, ով բոլորովին վերջերս անցավ հայ-ադրբեջանական շփման գիծը /չշփոթել սահմանի հետ/ եւ մտավ Ադրբեջան: Հանձնվեց: Հիշո՞ւմ եք՝ Անդրանիկի մասին շատերը խոսեցին` որպես դավաճանի: Մեծ հաշվով` տղայի արածը հանգիստ տեղավորվում է «դավաճանություն» հասկացության մեջ, հատկապես, որ տղան, ինչպես մեր պաշտպանական գերատեսչությունները վկայեցին, բանակ գնալուց առաջ եւ մինչեւ սահմանը հատելը հոգեկան խանգարումներ չի ունեցել /եթե ունեցել է, ապա դավաճան պետք է գտնել նրանց մեջ, ովքեր մեր սահմանը վստահում են հոգեկան խանգարումներ ունեցողներին/:
Անդրանիկի հարցում հասարակական կարծիքը երեք մասի բաժանվեց. նա դավաճան է` մեկ, խեղճ, հոգեկան խանգարումներ ունեցող տղա է` երկու, եւ նրա արածը մեզ չի հետաքրքրում, մեզ մեր հոգսերն էլ բավարար են` երեք:
Այսօր հայ-ադրբեջանական սահմանը /չշփոթել շփման գծի հետ/ անցել է ՀՀ մեկ այլ քաղաքացի` Տիգրան Խզմալյանը: Նա Ադրբեջան է մտել: Հանձնվել է: Ադրբեջանական haqqin.az կայքը հարցազրույց է հրապարակել Խզմալյանի հետ:
Առաջինն ինչ արեցինք, այս հարցազրույցը տեսնելով, Խզմալյանի հետ կապնվել էր` մեկ հարցով` ճշտող հարցով, հերքման հույս ունեցող հարցով` հարցազրույց տվե՞լ եք, եթե տվել եք, ապա Ձեր խոսքերն ադրբեջանցիները չե՞ն խեղաթյուրել: Խզմալյանն ասաց՝ հարցազրույց տվել է, իր խոսքերն էլ խեղաթյուրված չեն:
Իսկ հարցազրույցում Խզմալյանը Հայաստանի գործող իշխանություններին ողջ Ադրբեջանի առջեւ անվանել է գանգստեր, նա բոլոր ադրբեջանցիներին տեղեկացրել է, որ Հայաստանից արտագաղթը ահագնացող տեմպերի եւ մակարդակի է հասել /ուրախացեք/, որ Հայաստանը դատարկվում է… /Ի դեպ, երբ ադրբեջանցիները հայ ռազմագերի են վերցնում, նրան հենց նույն հարցերն են տալիս, եւ նա, եթե խոսում է, հենց նույն բաներն է պատմում, իհարկե, շատ հաճախ` ճնշման տակ/:
Երբ հայ մարդը պատերազմական իրավիճակում /կիսապատերազմական իրավիճակը պատերազմից էլ վատ է/ նման բան է ասում ադրբեջանական կայքին, դա հայ-ադրբեջանական սահմանի անցում է` դավաճանություն: Խզմալյանը հոգեկան խանգարումներ չունի, հետեւաբար, նա համաձայնել է ադրբեջանցիների հետ զրուցել եւ նրանց ասել է այն, ինչ ասել է` գիտակցաբար, մտածված, վստահ…
Անդրանիկը, շփման գիծն անցնելու պահին եւ հատկապես` դրանից հետո, շատ հնարավոր է, որ հոգեկան խնդիրներ է ունեցել: Ուրեմն Անդրանիկը դավաճան չէ: Դավաճանները մեր կողքին են, դեռ կինո էլ նկարում են` հայրենիքի ու նրա հանդեպ սիրո մասին:
Հատուկ` խոսքի ազատության պաշտպաններին, զանազան իրավապաշտպաններին, Խզմալյանի հետ ռեժիմը տապալելու գործին լծված` դժվարարտասանելի ազգանուն ունեցող «յան»-երին` երբ Տիգրան Խզմալյանը Հայաստանում հայտարարում է, որ այս իշխանությունները գանգստեր են, դա կարելի է տեղավորել խոսքի ազատության սահմաններում /խոսքի` չափազանց ազատության սահմաններում/, երբ նույն բանը Խզմալյանն ասում է Գերմանիայում` օրինակ, դա եւս խոսքի չափազանց ազատություն է, բայց գերմանացիների համար` ծիծաղելի, իսկ մեզ համար ուղղակի սիրուն չէ: Իսկ երբ Խզմալյանն այս բառերն ասում է ադրբեջանական կայքին, հետեւաբար` Ադրբեջանում, դա հայ-ադրբեջանական սահմանի անցում է: Տիգրան Խզմալյանն այսօր անցել է այդ սահմանը, իսկ սա…
Հովիկ Աֆյան