կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 12:40
Առանց Կատեգորիա

Կառավարությունը պետք է նոր հաստիք բացի` «բացատրիչ»

Կառավարությունը պետք է նոր հաստիք բացի` «բացատրիչ»

Երեկ ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ներկայացել էր մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխություններից մեկը վերաբերում է «Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներին:

 

Ըստ այդմ` կառավարությունն առաջարկում է… կարեւոր չէ, թե ինչ, կարեւոր է, թե ինչպես է կառավարությունը բացատրում, թե ինչ: Օրինակ, ելնելով օրենսդրական նախաձեռնության հիմնական զեկուցող` փոխնախարար Միրումյանի խոսքերից, ստացվում է, որ այն ՀՀ քաղաքացիները, ովքեր կմեկնեն, ենթադրենք, Ռուսաստան /Հայաստանից դուրս/` շինարարական աշխատանքներ կատարելու, նրանց եկամտի 13 տոկոսը, համաձայն առաջարկվող փոփոխության, կհանձնեն ՀՀ պետական բյուջեին: Համաձայն ենք, սա աբսուրդ է, բայց փոխնախարար Միրումյանի խոսքերից հենց այս աբսուրդն է, որ հասկացանք:

 

Իրականում, անշուշտ, պատկերը սա չէ, այլ խոսքը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ համարվող այն կազմակերպություններին-գործակալներին, ովքեր այստեղից ՀՀ քաղաքացի հանդիսացող մարդկանց են տանում Հայաստանից դուրս /օրինակ` Ռուսաստան/` շինարարական աշխատանքներ կատարելու: Ըստ առաջարկվող փոփոխության` տվյալ ռեզիդենտ-գործակալները կարող են, ոչ թե պարտավոր են` ի դեպ, ոչ թե Ռուսաստանում վճարել եկամտահարկ եւ շահութահարկ, այլ Հայաստանում. շահութահարկ` 5 տոկոս եւ յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար` 13 տոկոս եկամտահարկ` ելնելով, շեշտում ենք, ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքից:

 

Հիմա` մեկ այլ նրբության: Բանն այն է, որ օրենքի բովանդակությունը, դրա գործելու մեխանիզմները մենք հասկացել ենք ոչ թե հիմնական զեկուցող փոխնախարարի խոսքերից, այլ դրանցից հետո հնչած պարզաբանումներից: Հիմա հարց` կառավարությունում մարդ չկա՞, ով կարող է իրենց իսկ նախաձեռնությունը հավուր պատշաճի եւ հանրամատչելի ներկայացնել, որ մարդիկ հասկանան: Գուցե այս եւ այլ օրենսդրական նախաձեռնությունները, որ եկել են կառավարությունից, շատ էլ լավն են եղել, պարզապես այնպես են բացատրում, ավելի ճիշտ` այնպես չեն բացատրում, որ հասկանանք:

 

Հիմա` առաջարկություն կառավարությանը` գուցե նոր հաստիք բացել` «բացատրիչ»: Այս դեպքում շատ հավանական է, որ ՀՀ քաղաքացիները համաձայնեն, որ այս նոր պաշտոնյան ավելի բարձր աշխատավարձ ստանա պետական բյուջեից, քան կառավարության բոլոր մյուս անդամները: Հա` պաշտոնի «բացատրիչ» անունը աշխատանքային է, այն կարելի է փոխել:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ