կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 21:36
Քաղաքական

Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում. ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մենք  ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում. ԵԱՀԿ Մինսկի խումբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ առանձին կայացած հանդիպումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը: 
Նախարարները համանախագահներին մանրամասներ են ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ապրիլի 24-25-ին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի շրջանակում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ: «Մենք շեշտել ենք յուրաքանչյուր նախարարին երկու երկրների նախագահների երկխոսության ինտենսիվացաման և այս տարվա ընթացքում ավելի ուշ նախագահների հանդիպման կազմակերպման կարևորությունը»,- նշված է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ: Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ, ձևակերպելու համար Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպման օրակարգը, ինչպես նաև` ողջունել են համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք առաջիկա այցը:
 
Համանախագահները նաև արձանագրել են, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: 
«Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք  ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այնուամենայնիվ, մեր երեք երկրներից և ոչ մեկը, ինչպես նաև` որևէ այլ երկիր, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար, մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնց նպատակն է հասնել ԼՂ հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Մանրամասները՝ այստեղ