Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը համաշխարհային ողբերգություն է։ Այդ մասին ասել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի ԳԱ բարձրաստիճան քննարկմանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Ապրիլի 21-22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն ու հաշտեցում» խորագրով բարձր մակարդակի քննարկում, որում անդրադարձ կատարվեց աշխարհում արմատականության ու ծայրահեղականության, դաժանությունների ու բռնությունների, մշակութային եւ կրոնական լարվածության ու հակամարտությունների ահագնացող դեպքերին։
Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի ԳԱ նախագահը, Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների խորհրդի նախագահը եւ Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչը։ Ելույթ ունեցան մեծ թվով պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշտական ներկայացուցիչներ եւ հոգեւոր առաջնորդներ։
Ողջունելով ՄԱԿ-ի շրջանակներում հանդուրժողականության, երկխոսության ու հաշտեցման գաղափարոսության տարածման ուղղությամբ հետեւողական քայլերը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ռասիզմը, կրոնական եւ մշակութային անհանդուրժողականությունը, այլատյացությունը, հասարակությունների բեւեռացումը, մերժումն ու նսեմացումը հանդիսանում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում՝ հանգեցնելով ոճրագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների՝ ներառյալ ցեղասպանության։
Դեսպանը նկատեց, որ ԳԱ քննարկումը համընկնում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ եւ ընդգծեց, որ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը համաշխարհային ողբերգություն է՝ կրկին անգամ հիշեցնելով բոլորին, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ։ Ըստ Զոհրաբ Մնացականյանի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կարեւոր է նաեւ վերահաստատելու ժողովրդի հավատը մարդու հիմնարար իրավունքների, մարդու արժանապատվության ու անձի արժեւորման հարցի նկատատմամբ, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։
Նշելով, որ աշխարհի շատ ժողովուրդներ կիսում են հայերի վիշտը եւ իրենց համերաշխությունն են հայտնում հայերին արդարության հաղթանակի համար, դեսպան Մնացականյանը շնորհակալություն հայտնեց տարբեր դավանանքի ժողովուրդերին ու մարդկանց, ովքեր Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում, Ավստրալիայում եւ այլուր օգնության ձեռք են մեկնել, ապաստան դրամադրել ու պաշտպանել հայերին ցեղասպանության ժամանակ ու դրան հաջորդած տարիներին:
Նա ընդգծեց, որ հայերը ատելություն չեն տածում թուրք ժողովրդի նկատմամբ, այլ կոչ են անում առերեսվել պատմությանը, ընդունել այն եւ ճանապարհ հարթել իրական հաշտեցման համար։ Դեսպանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմաբանների հարց չէ, այն ներկա քաղաքական խնդիր է` անցյալը ընդունելու քաղաքական համարձակության խնդիր։ Շեշտելով, որ առանց ճշմարտության եւ հիշատակի չի կարող լինել իսկական հաշտեցում, դեսպան Մնացականյանը եզրափակեց․ «Արդարությունը եւ հաշտեցումն է Հայաստանի ու հայ ժողովորդի օրվա ուղերձն այս քննարկմանը»։