Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն` հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ըստ թուրքական Hurriyet-ի` «ԱԳ նախարարը պետքարտուղար Քերիին պետք է համոզի, որ նա էլ նախագահ Օբամային համոզի, որպեսզի ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին չհետեւի Հռոմի պապին եւ չասի «ցեղասպանություն» բառը»: Թուրքիան, ըստ էության, լրջորեն անհանգստացած է: Պապի ելույթից հետո մտահոգված են՝ իսկ եթե Օբաման էլ ասի Ցեղասպանություն:
Մյուս կողմից` ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆն իր խոսքում ամենեւին էլ չի հետեւել Հռոմի պապին եւ հերթական անգամ խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: Անշուշտ, նախագահ Օբամայի ուղերձի տեքստը չի կարող սկզբունքորեն տարբեր լինել ավելի վաղ հնչած` պետդեպի ներկայացուցիչի խոսքից, եւ, ըստ էության, Օբաման էլի չի ասելու «ցեղասպանություն»:
Չի բացառվում, որ Չավուշօղլուն ԱՄՆ է մեկնում ոչ միայն այն պատճառով, որը հայտնի է դարձել թուրքական թերթին, այլեւ մասնակցելու ապրիլի 24-ին Երեւան ուղեւորվող ամերիկյան պատվիրակության կազմի նշանակման գործընթացին, ինչը, ինչպես արդեն գիտենք Երեւանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի խոսքերից, տեղի է ունենալու նախագահ Օբամայի անմիջական հայեցողությամբ:
Այսինքն` շատ հնարավոր է, որ այդ պատվիրակության մեջ կան մարդիկ կամ կա մարդ, ենթադրենք` Հիլարի Քլինթոնը, ում ներկայությունը ապրիլքսանչորսյան Երեւանում Թուրքիան չի ցանկանում, քանի որ տիկինը, ազատ լինելով պետական կառավարմանը մասնակցելու լծակներից, կարող է հանգիստ եւ օրը մի քանի անգամ «հետեւել Հռոմի պապին»:
Եվ վերջապես Չավուշօղլուն ԱՄՆ է մեկնում` գուցե ճշտելու, թե քանի՞ հոգով են ամերիկացիները գալու Չանաքքալեի հաղթանակի միջոցառմանը: Դե, Բոսֆորի ափին սեղաններ են գցելու, մարդիկ ուզում են հստակ իմանալ հյուրերի թիվը, որպեսզի ավելորդ ծախսեր չանեն` ավելի աթոռ եւ սպասք դնելով:
Հայաստանի ԱԳ նախարարը կամ նախարարությունից ոչ ոք (համենայն դեպս, այդ մասին որեւէ հայտարարություն չի հնչել) ԱՄՆ, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան, Իրան եւ այլուր նախքան ապրիլի 24-ը չի մեկնելու. մենք ճշտելու, աշխատելու, համոզելու կարիք չունենք…
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ