Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ, փորձելով հասկանալ, թե, ընդհանուր առմամբ, ինչ վերաբերմունք ունի հայաստանյան ակտիվը Քիմի` Հայաստան գալու հետ կապված, հանդիպեցի մի այսպիսի ֆեյսբուքյան գրառման. «Վերջապեսսսս... Հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ, իրար առաջ կտրելով, նոր տարածեցին այս օրվա, այս ամսվա, այս տարվա, տո հենց այս տասնամյակի թոփ-լուրը. տիեզերական տրամաչափի պոռնիկը՝ սևամորթ զուգընկերոջ հետ, արդեն իր պիղծ ոտքը դրել է Հայոց սուրբ հողին... Ցնծա՛, հայ խաժամուժ, կուռքդ եկել է... քո խելակորույս ծափերի ներքո անարգելու մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը, «Ապրիլի 24» -ի 100-ամյա խորհուրդը...:
Հ.Գ. - Տեսնես՝ աշխարհի այլ երկրներում է՞լ են պոռնիկներին այսքան սրտատրոփ սպասում և փառավորապես դիմավորում: Եվ վաղը ի՞նչ պիտի պատասխանենք ազերա-թուրքական հակահայ որոճումներին թե՝ հայ ժողովուրդը իր համազգային վիշտը թողած՝ խանադավառ դիմավորում էր բացառապես իր անբարոյակությամբ հային «անուն բերած» մարմնավաճառին:
Հ.Գ. 2 - Հայեր, դեռ ուշ չէ, դեռ կարելի է սթափվել և մաքրել այդ անարգանքը:
Դրա համար ընդամենը պետք է մեկ բան՝ լրիվ անտեսել և բոյկոտել այդ ստահակին վերաբերող ցանկացած լուր»:
Քանի որ մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում, իսկ Քիմն էլ ավելի ժողովրդավարական երկրից է եկել, ավելին` հրաշալի հասկանում է, որ քննադատությունն այն է, ինչ մենք ստանում ենք հանրահռչակության դիմաց: Նշենք միայն, որ այս կարծիքը Հայաստանում, եթե չասենք` գերակշռում է, ապա շատ է:
Մի կարեւոր բան, սակայն, նման դիրքորոշում ունեցողները մոռանում են` «սթափվելու», «այդ անարգանքը մաքրելու» կոչ պետք է անեն ոչ միայն հայերին, այլեւ, օրինակ, բրիտանական հանրահայտ The Guardian-ին, որի պրոֆեսիոնալությանը, կարծեմ, ոչ ոք չի կասկածում: Բրիտանական պարբերականը թեմայի շուրջ ծավալուն հոդված էր գրել, որը վերնագրել էր` «Քիմ Քարդաշյանը Երեւան է ճանապարհվում` հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին»: Նկատենք, որ սա գրում է մի երկրի ազդեցիկ թերթ, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչն էլ ավելի ուշագրավ եւ կարեւոր է դարձնում այս անդրադարձը:
Ռուսական մամուլը, փաստորեն, եւս «անսթափ» վիճակում է, քանի որ եւս անդրադարձել էր թեմային` շեշտելով, որ «Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան` պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով»:
Եվ վերջապես, Քիմի այցը, կարելի է ասել, հասել է իր ճիշտ թիրախին. թուրքական մամուլը, օրինակ` հայտնի Hurriyet-ը, գրել է. «Ծագումով հայ Քիմ Քարդաշյանը իր 21 ամսական դստեր` Նորթի եւ ամուսնու` Քանյե Ուեսթի հետ մեկնել է Հայաստան, այսպես ասած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»:
Այսինքն` միջազգային մամուլը, եւ ամենեւին էլ ոչ` դեղին մամուլը, ոչ միայն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի` Երեւան այցին, այլեւ շեշտել է, անգամ` թուրքականի պարագայում, թե ինչու է Քիմը ժամանել: Ճիշտ է, թուրքականները գրել են` «այսպես կոչված` Ցեղասպանություն», բայց այդ բառը գրել են, եւ ընդունում ենք մենք դա, թե` ոչ, այս պարագայում այդ բառի հիշատակման «մեղավորը» ծագումով հայ Քիմ Քարդաշյանն է:
Այսքանը, մնացածը ո'չ Քիմին է առանձնապես հետաքրքրում, ո'չ էլ մեզ պետք է հետաքրքրի, եթե, իհարկե, մենք իրականում ուզում ենք սթափվել եւ, ինչպես Աստվածաշնչում է գրված` չենք դատում, որ չդատվենք: Իսկ թե ո՞վ է պոռնիկ, դժվար է ասել, համենայն դեպս, ընտրություն ենք կատարում ամեն ինչ հագնող կամ ոչինչ չհագնող, սեփական ինքնությունը պահպանած եւ դրանով հպարտացող գեղեցիկ կնոջ եւ սեփական ազգությունը մոռացած ու սեփական ժողովրդի համար ոչինչ չարած կոստյումով տղամարդկանց եւ ոչ միայն տղամարդկանց մեջ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ