կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 16:42
Քաղաքական

Ռենուարի վարդագույնը լավ կհանգստացնի «Գազպրոմ»-ի աշխատակիցների նյարդերը. Նաիրա Զոհրաբյան

Ռենուարի վարդագույնը լավ կհանգստացնի «Գազպրոմ»-ի աշխատակիցների նյարդերը. Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում մեջբերեց Վարդան Այվազյանի խոսքը, թե միլիոն ու կես դրամ ծախսը, որը ներառվել էր գազի սակագնում, Արմավիրի մարզի կառույցն է արել, և որ դրան պետք չէ առանձնապես ուշադրություն դարձնել: Այսինքն, ըստ պատգամավորի, հարկատուները պետք է վճարեն «Գազպրոմ»-ի աշխատակիցների էսթետիկական հաճույքի համար:

 

«Իսկ եթե նրանք որոշեն իրենց ռելաքսն անցկացնել այնպիսի հանգստասենյակներում, որտեղ ոչ թե հանրահայտ նկարների պատճեններ լինե՞ն, այլ օրինակ՝ Տիցիանի և Ռենուարի բնօրինակները, որովհետև Տիցիանի ոսկեգույնը և Ռենուարի վարդագույնը լավ հանգստացնող ազդեցություն ունեն նյարդերի վրա: Ու ի՞նչ է եղել, որ միլիոն ու կես դրամն էլ թող հարկատուները վճարեն»,- հեգնեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Նա անդրադարձավ Լոզանյան համաձայնագրին` ասելով, որ եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, կարելի է օգուտներ ունենալ այդ պայմանագրի քաղաքական ու տնտեսական արդյունքներից: Ըստ պատգամավորի` Իրանի գազի ներմուծումն ավելի էժան է վասալային համաձայնագրի պայմաններից, և դրանից կարող է շահել Հայաստանը:

 

Նա չհամաձայնեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի այն կարծիքի հետ, թե Իրանը երբևէ Հայաստանին պաշտոնապես չի առաջարկել էժան գազ: «Եթե Իրանի դեսպանի հայտարարությունները պաշտոնական տեսակետ չեն որոշ քաղաքական գործիչների համար, ապա ես չգիտեմ, թե էլ որ տեսակետը պետք է համարել պաշտոնական»,- ասաց պատգամավորը:

 

Նշենք, որ նրանից հետո ելույթ ունեցած Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստանը չի կարող Իրանից գազ ներմուծել, քանի որ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է և արդեն Ռուսաստանի հետ կնքել է գազային համաձայնագրեր: