Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի և միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո նրան կհանձնի երեխային՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց:
Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին, և պայմանավորվածության համաձայն՝ դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել։ Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կինը հրաժարվել է իր տված հաղորդումից:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, Գյումրու 26-ամյա բնակչուհին, լինելով հղի և չունենալով բավարար սոցիալական և նյութական պայմաններ՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրան խնամելու համար, 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին հարևաններին և շրջապատի մարդկանց հայտնել է, որ ցանկանում է հղիությունը վաղաժամ ընդհատել, այլապես, ծննդաբերելուց հետո իր զավակին թողնելու է հիվանդանոցում կամ հանձնելու է մանկատուն: Նրա այդ մտադրության մասին տեղեկացել է նաև հարևանուհիներից մեկը: Նա այդ մասին հայտնել է իր քրոջը և նրա ամուսնուն, ովքեր 20 տարվա ամուսիններ լինելով, երեխա չեն ունեցել:
Ամուսինները հանդիպել են երեխայից հրաժարվել պատրաստվող հղի կնոջը և նրա մորը ու խնդրել վաղաժամ չընդհատել հղիությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երեխայի ծնվելուց հետո ամուսինները կվերցնեն նորածնին՝ պարտավորվելով նրան պահել հարազատ զավակի նման: Մինչև ծննդաբերելը՝ ամուսինները խնամել են նրան, մասնավորապես՝ կինը հոգացել է հղի կնոջ կարիքները, ապահովել սնունդով, որ կարողանա առողջ երեխա ծննդաբերել:
2014 թվականի սեպտեմբերի 18-ին վերջինս ծննդաբերել է արու զավակ: Հաջորդ օրը` 2014 թվականի սեպտեմբերի 19-ին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրու տարածքային բաժնում գրանցվել է նորածնի ծնունդը, որտեղ տղամարդը դիմում է ներկայացրել նորածնի հայրությունը ճանաչելու մասին:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրու տարածքային բաժնի աշխատակցուհին դիմումատուներին նախազգուշացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Սակայն դիմումատուները պնդել են, որ երեխայի հայրը տվյալ անձն է, և երեխան ստացել է նրա ազգանունը: Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնցով հիմնավորվել է, որ իրականում նա չէ նորածին երեխայի հայրը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեխայի կենսաբանական մոր և հայրությունը ճանաչած անձի նկատմամբ դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը եւ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: