կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-05 18:00
Առանց Կատեգորիա

Ծառուկյանը հեռացավ, որ շարունակի

Ծառուկյանը հեռացավ, որ շարունակի

Գագիկ Ծառուկյանի` որպես ակտիվ եւ խոշոր քաղաքական գործչի, վերջին ելույթը, ավելի ճիշտ` ելույթի տեքստը ինքնին հետաքրքրական չէ, այն պարզ պատճառով, որ բոլորս դեռ այդ ելույթից առաջ գիտեինք, որ Ծառուկյանը հեռանում է: Այդուհանդերձ, տեքստում առկա որոշ նրբություններ կան, որոնց պետք է անդրադառնալ:

 

Ուշադրություն դարձնենք` ԲՀԿ արդեն նախկին նախագահը ամենեւին չի հայտարարում, որ հեռանում է քաղաքականությունից, նա հստակ շեշտել է, որ ինքն այլեւս չի զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ: Իսկ քաղաքականությունը եւ ակտիվ քաղաքականությունը տարբեր բաներ են, հակառակ պարագայում` «ակտիվ» բառն ուղղակի ավելորդ կլիներ: Ուրեմն ո՞րն է տարբերությունը: Բանն այն է, որ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել նշանակում է մասնակցել ակտիվ քաղաքական գործընթացների` դե, համապետական, տեղական նշանակության ընտրություններ, հանրահավաքներ, պիկետներ, գուցե` հացադուլներ, անգամ` հեղափոխություն: Ուրեմն Գագիկ Ծառուկյանն այլեւս այս գործընթացներին մասնակից չի լինելու, եւ ոչինչ, որ պատրաստ է /էր/ երկրի նախագահ դառնալուն: Այս համատեքստում, սակայն, Ծառուկյանի ելույթ գրողը,  հավանաբար` շփոթմունքից, մոռացել է տեքստի մեջ ներառել մի կարեւոր նախադասություն եւս` որ ես` Գագիկ Ծառուկյանս, հրաժարվում եմ նաեւ պատգամավորի մանդատից, քանի որ դրա առկայությունը նշանակում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Չի բացառվում, որ շուտով այդ թերացումը շտկվի, եւ Գալուստ Սահակյանը պատգամավորներին կարդա պատգամավոր Ծառուկյանի դիմումը` մանդատից հրաժարվելու մասին:

 

Իսկ ի՞նչ է նշանակում ոչ ակտիվ քաղաքականություն: Օրինակ` Գագիկ Ծառուկյանի հնարավորությունների տեր մարդու համար սա նշանակում է եկեղեցիներ, մարզադպրոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ կառուցել, բարեգործությամբ զբաղվել, այսինքն այն, ինչը շարունակելու պատրաստակամություն Ծառուկյանն իր գրավոր խոսքում հայտնել է: Բոլորիս համար էլ պարզ է, որ մարդը հենց այնպես, ուղղակի, ի խորոց սրտի եկեղեցի չի կառուցում, մարզադպրոց չի վերակառուցում եւ բարեգործություն չի անում, այլ անում է, որպեսզի… Կարեւոր չէ, թե ինչ, կարեւոր է` որպեսզի:

 

Հենց պասիվ քաղաքականությամբ զբաղվելու հանձնառության համապատկերում խիստ ուշագրավ է Ծառուկյանի ելույթի հետեւյալ միտքը` ուղղված ԲՀԿ-ականներին. «Իմ խնդրանքն է ձեզ ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ չունեմ ԲՀԿ-ի հետ»: Այս արտահայտությունը խիստ ուշագրավ է երկու պատճառով: Նախ` ելույթի սկզբում Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում ԲՀԿ-ականերին, որոնց հետ ուրախության, ցնծության, հիասթափության, դժվարություններով լի ճանապարհ է անցել, իսկ նման մարդկանց մենք չենք ասում, թե այլեւս ձեզ հետ կապ չունեմ: Դա նույնն է, որ մարդը հայտարարի, թե` այլեւս կապ չունեմ իմ անցյալի հետ: Չի լինում այդպես, անգամ` եթե այդպես ցանկացողը Գագիկ Ծառուկյանն է:

 

Եվ երկրորդը` Ծառուկյանի ելույթում որեւէ խոսք չկա, որ ինքը դադարեցնում է նաեւ անդամակցությունը ԲՀԿ-ին, հետեւաբար` նա մնում է ԲՀԿ-ական, արդեն` շարքային, ուրեմն անմիջական կապ ունի ԲՀԿ-ի հետ: Թեեւ չի բացառվում, որ այս հանգամանքը եւս մոռացվել է Ծառուկյանի ելույթի տեքստը գրողի կողմից, եւ շուտով սա էլ կշտկվի: Իսկ ԲՀԿ-ն այլեւս չկա, համենայն դեպս,եթե բարգավաճ Հայաստան կառուցելու գործի հետ Ծառուկյանն այլեւս կապ չունի եւ այդ գործում նա խնդրում է իրեն չդիմել, ուրեմն բարգավաճ Հայաստան չկա: Կան բարգավաճ մարդիկ:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ