«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ինչո՞ւ այդքան երկար տեւեց ՀՀԿ ԳՄ արտահերթ նիստը՝ հարցրինք ԳՄ ծերակույտին: «Շատ կարեւոր հարցեր էին քննարկվում, բոլորը հատ-հատ խոսեցին, անգամ Տարոն Մարգարյանը, որ սովորաբար չի խոսում»: Ի՞նչ թեմայով: «ՀՀԿ նախագահն ասաց, որ գնում ենք սահմանադրական բարեփոխումների, որ մենք այլոց հետ գործ չունենք, մենք ունենք մեր անելիքը, հետ չենք կանգնելու մեր ծրագրերից` որոշների պահանջներից ելնելով»:
Ըստ մեր զրուցակցի` ԳՄ-ն բուռն է անցել. երիտթեւի ներկայացուցիչները` Աշոտյան, Շարմազանով, Կարեն Ավագյան, խոսել են կոշտ դիրքերից, պահանջել «քաղաքական ցանկացած գործընթաց աղավաղող, կեղտոտող քաղաքական ուժի կամ ուժերի նկատմամբ ադեկվատ դրսեւորում հանդես բերել, տեղափոխվել ռացիոնալ դաշտ, էլ չասել` դե լավ, ի՞նչ է եղել` ԲՀԿ-ն է, էլի, մյուսն է, էն մեկն է»:
Առաջարկել են քաշել գիծ ու հասկանալ, թե «ով ում հետ է»: Վերջնական եզրահանգման չեն եկել, վճռականը կլինի հինգշաբթի՝ ՀՀԿ խորհրդինը:
Սերժ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրի, եղել է մտահոգ, անգամ զայրացած: Խոսել է նաեւ Հովիկ Աբրահամյանը, ով շատ վատ տրամադրություն է ունեցել, ժամանակ է ուզել «Գագոյի հետ մի անգամ էլ խոսալու համար» եւ ուղիղ հայտարարել է, որ այդ ամենի հետեւում Քոչարյանն է կանգնած»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: