կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-07 14:48
Քաղաքական

Առաքել Մովսիսյանի ստեղծած թանգարանը եւ զենքերի հավաքածուն

Առաքել Մովսիսյանի ստեղծած թանգարանը եւ զենքերի հավաքածուն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) թանգարան է ստեղծել` նվիրված Արցախյան պատերազմին: Թանգարանում տեղ են գտել պատգամավորի զենքերի հավաքածուն, տարբեր հուշամեդալները, շքանշանները, պարգևատրումները և Արցախյան ազատամարտի մարտական ընկերների լուսանկարները: Yerkir.am-ի լրագրողը եղել է այդ թանգարանում:


«Սա իմ հուշերի անկյունն ա, պատմության մեջ մի անգամ ա եղել հաղթանակ հայ ազգի կողմից… Լիքը մարտական ընկերներ ենք կորցրել, արյան գնով գրավել ենք մեր պապենական հողերը, և որպեսզի ոչինչ չմոռացվի, և հիշողությունները միշտ թարմ մնան, ստեղծել եմ էս թանգարանը»,- ասաց Առաքել Մովսիսյանը` հավելելով, որ թանգարանը դեռ 60 տոկոսով պետք է համալրվի, որից հետո այն պետք է տեղափոխվի պատգամավորի հայրական գյուղ:


Թանգարանում ցուցադրվում են ՀՀ բոլոր երեք նախագահների, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված մարտական ընկերների լուսանկարները, նաեւ Արցախյան ազատամարտը դրվագող նկարներ:


Զենքերի հավաքածուի մեջ տեղ են գտել Առաքել Մովսիսյանի՝ տարբեր ժամանակներում պարգև ստացած զենքերը, որոնք ստացել է ՀՀ վերջին երկու նախագահներից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, Արցախի նախագահներից ու հրամանատարներից: Առաքել Մովսիսյանը վստահեցրեց, որ ինքը ընդամենը կոլեկցիոներ է, իր մոտ զենք չի պահում:


Թանգարանում կան նաեւ տարբեր ժամանակներում նրա ստացած պարգևները, շքանշանները, մեդալները, պատվոգրերը: Պատգամավորը հատուկ առնաձնացնում է իր մայրիկի ստացած՝ «Հերոսուհի մայր» ոսկե շքանշանը: Պարզվում է՝ ընտանիքում 10 երեխա են՝ 9 եղբայր և 1 քույր:


Խոսելով իր հրամանատար Մանվել Գրիգորյանի մասին՝ պատգամավորն ընդգծեց. «Եթե Մանվել Գրիգորյանի խստապահանջությունը չլիներ, մեր բրիգադը ոչ մի արդյունքի չէր հասնի: Եթե Մանվել Գրիգորյանը պատժում էր, զինվորի լավի համար էր պատժում, որ չէթար գլուխը տնկած զոհվեր: Ասում էր` օպերացիան էս կարգի պիտի արվի, ուրեմն դու եթե շեղվես, կարող ա զոհվես, դա մեր համար վնաս ա: Կարող ա դու քո համար զոհվես, էդքան չերևա, բայց դու մեր մատներից մեկն ես, դա մեզ էր վնաս: Մանվելին ներկայացնում եք որպես դահիճ, դա տենց չի, ինքն ուղղակի խիստ հրամանատար ա էղել, և արդյունքի ենք հասել: Չի եղել մի հանձնարարություն, որը մեր բրիգադայի մոտ չստացվեր, հպարտանալու տեղ ունենք, քանի որ չի եղել մի դեպք, որ որևէ մարտական դիրք հանձնենք հակառակորդին»:


Առաքել Մովսիսյանը հիշեց նաև Սերժ Սարգսյանին:


«Սերժ Սարգսյանը բացատրությունները որ տալիս ա` համեստ ձևով, դու արդեն ի միջի այլոց պետք ա չընդունես, նենց ա բացատրում քեզ, որ դու իրավունք չունես սխալվելու, որ ամաչես սխալվելուց, ոչ թե վախենաս սխալվելուց: Իսկ եթե իրա բացատրելուց հետո չես ամաչում ու սխալներ ես թույլ տալիս, ուրեմն դու ինքնասիրություն չունես»,- հայտարարեց նա:


Խոսելով ազատամարտիկների միջև ծագող կոնֆլիկտների մասին՝ պատգամավորը ասաց. «Մեր միջև սեպ են ուզում խրել, որ իրանց քամակները փրկեն, դա չի ընդունվի ու երբեք չի ստացվի, արյունահեղություն չի լինի»:

 

Լուսանկարներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: