Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու ողբերգության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նա նախ մեջբերեց լսումների օրակարգը, որi սկզբում նախատեսված է գլխավոր դատախազի ելույթը:
«Ձեր զեկույցը զգացմունքների, էմոցիաների, սրտի թրթիռի ու սրտի կսկիծների մասին, կներեք, ոչ թե գլխավոր դատախազի, այլ հոգևորականի կամ փսիխոթերապեւտի զեկույց է: Մենք ակնկալում ենք, որ, որպես հիմնական զեկուցող, Դուք պետք է հաշվետվություն և տեղեկատվություն ներկայացնեք կոնկրետ գործի մասին: Եթե մենք կարիք ունենայինք հոգեվերլուծողների, մեր զգացումնքների, մեր տարած սգի ու կսկիծի մասին, էստեղ կհրավիրեինք կաթողիկոսին կամ նվազագույնը` որևէ հոգևորականի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ, իսկապես, ՀՀ գլխավոր դատախազը շուրջ 10-15 րոպե խոսում էր, որ տեղի ունեցածը ահավոր և սահմռկեցուցիչ ոճրագործություն է, որ բոլորը ցնցված են, և որ ինքը` որպես գլխավոր դատախազ, պետք է գործի ոչ թե էմոցիոնալ, այլ օրենսդրական դաշտում:
Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Երբ Դուք Գյումրիում բազմահազար գյումրեցիների առջև հայտարարեցիք, որ անհապաղ կդիմեք Ռուսաստանի գլխավոր դատախազին, հիմա դա էմոցիայի տակ արված հայտարարությո՞ւն էր, որովհետև Դուք նոր ասացիք, որ որևէ բան ինքնանպատակ չպետք է լինի: Դուք մարդկանց հուսադրեցիք` ասելով` որպես տղամարդ` հայտարարում եմ: Դդա ինքնանպատակ արված հայտարարությո՞ւն էր, թե՞ ոչ:
Այսօր տարբեր հայտարարություններ հնչեցին, որ երկու ժամ առաջ տեղեկություն ունեին, որ հանցագործը փորձ է անում հատել սահմանը: Բա որ գիտեիք` երկու ժամ առաջ, ի՞նչն էր խանգարում նրան ձերբակալել:
Այս օրերին հնչեցին տարբեր հայտարարություններ սուգ հայտարարելու աննպատակահարմարության վերաբերյալ, իբրև թե մեզ մոտ նման ավանդույթ չկա: Ես այդ հայտարարությունները համարում եմ անպատասխանատու և անպարկեշտ»:
Գևորգ Կոստանյանը նշեց, թե իր ներածական խոսքում փորձել է ներկայացնել, որ պետք չէ զգայական մակարդակում քննարկել այդ հարցը, այլ պետք է քննարկել իրավական մակարդակում: Նաեւ` որ իր ներածական խոսքը նվիրված էր նրան, որ զերծ մնան զգայական գնահատականներից:
«Եթե դուք պատկերացնում էիք, որ ես պետք է գամ էստեղ ու հրապարակեմ նախաքննության բոլոր տվյալները, սխալվում եք: Դուք նման ողջամիտ ակնկալիք չէիք կարող ունենալ: Ես պարտավոր եմ չհրապարակել նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալներ: Ես այստեղ չեմ պատրաստվում ներկայացնել քննչական գործողությունների հետագա ընթացքը` անկախ դրա հասարակական կամ քաղաքական պահանջից, որովհետև դրանով կվնասեմ իրավական գործընթացի արդարացի ու օբյեկտիվ ընթացքին: Ես չեմ հրապարակելու և չեմ կարող հրապարակել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի գլխավոր դատախազին դիմելուն, այո', ես պատրաստ եմ: Ոչ միայն որպես տղամարդ, այլև որպես գլխավոր դատախազ պարտականություն ունեմ նման դիմումով հանդես գալ Ռուսաստանի դլխավոր դատախազի առաջ: Ես դա կատարելու եմ` անկախ նրանից` նման պահանջ ինձ կներկայացվեր, թե` ոչ: Ես դա անելու եմ, հանգիստ եղեք:
Ցավոք, մեր հասարակության մեջ աղավաղվել են տղամարդկության վերաբերյալ պատկերացումները: Պետք է զուսպ լինել: Ես երբեք չեմ դրժում իմ պարտականության հետ կապված որևէ գործընթաց: Դիմելու եմ, պետք է ունենալ անհրաժեշտ հիմքերը, որ այդ դիմումը հիմնավորեմ: Չէ՞ որ իրավական հարցը քննարկելուց առաջ պետք է նայել հարցի իրավական հիմքը»,- ասաց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի այն հարցին` ինչո՞ւ հենց հայ իրավապահները չեն բռնել ու ձերբակալել Պերմյակովին, գլխավոր դատախազը այդպես էլ հստակ չպատասխանեց, միայն ասաց, որ օպերատիվ հետախուզական միջոցառումները համատեղ են արվել, և որ հայ իրավապահներն աշխատել են շատ օպերատիվ և գործել պատշաճ: