| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնել է, որ, գալիք մրցաշրջանի լուրջ փորձություններին ընդառաջ, երեկ Հայաստանի ազգային հավաքականի կազմը համալրել է վրացի գերծանր քաշային` 24-ամյա Լևան Բերիանիձեն, որին երեկ Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել ու նա հետայսու իրավունք է ստացել պաշտպանելու Հայաստանի մարզական պատիվը:
Բաղդադյանը պարզաբանել է վրացի գերծանր քաշային ըմբիշի` Հայաստանի ֆեդերացիա տեղափոխվելու հանգամանքը. 
 «Գաղտնիք չէ, որ ներկայում գերծանր քաշային կարգում մենք ընդամենը մեկ ըմբիշ ունենք՝ Անդրանիկ Գալստյանը: Նա այս տարի 6 մրցաշարի է մասնակցել և գոհացուցիչ արդյունքներ չի արձանագրել: Ու այդ պատճառով էլ 2015 թվականի նախաօլիմպիական տարվա համար նպատակահարմար գտանք հրավիրել վրացի երիտասարդ, սակայն արդեն բավական մեծ ճանաչում ունեցող ըմբիշին: Վրաստանն հիմա գերծանր քաշային կարգում 5-6 հավասարազոր ըմբիշներ ունի, ու նրանց մեջ մեծ է մրցակցությունը: Լևանը 2010 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոնն է և նույն տարվա` Մոսկվայում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը: Նա այս տարի Վրաստանի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը՝ զիջելով միայն երկրի չեմպիոնին: Բերիանիձեն մրցապայքարի ոլորտ կներգրավվի 2015 թվականից, և հուսով ենք` կուժեղացնի Հայաստանի ընտրանու կազմը»:
Գլխավոր մարզչի խոսքով՝ վճռորոշ է լինելու Հայաստանի առաջնությունը, քանի որ հաղթողներն են իրավունք ստանալու մասնակցել վարկանիշային մրցաշարերին: Բաղդադյանը հայտնեց նաև, որ հունվարի 28-ից նախատեսել են ազգային ընտրանու երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել Ծաղկաձորում, որին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Վրաստանի ազգային հավաքականը:
Ինչ վերաբերում է մեծահասակների Հայաստանի առաջությանը, ապա 2015 թ. ամռանը Բաքվում տեղի ունենալիք Եվրոպայի օլիմպիական 1-ին խաղերին մասնակցել-չմասնակցելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո` ապրիլի 20-25-ի սահմաններում ,նախատեսվում է անցկացնել Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով էլ կորոշվի ՀՀ ընտրանու կազմը: